Արտաշատ համայնքի ղեկավարն այցելել է անմահացած հերոս Գեղամ Գրիգորյանի ընտանիքին․ նա այսօր կդառնար 20 տարեկան
44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Գեղամ Գրիգորյանն այսօր կտոներ ծննդյան 20-ամյակը:  Համայնքի ղեկավար  Կառլեն  Մկրտչյանը և համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ այցելեցին հերոսի ընտանիքին և իրենց խոնարհումը բերեցին  նրա պայծառ հիշատակին: Լուսանկարից հպարտ զինվորական կեցվածքով մեզ նայող գեղեցկադեմ պատանին աթլետիկայի  Հայաստանի առաջնությունների բազմակի մրցանակակիր է: 

Ծնվել է Դալար բնակավայրում,  Գեղամին անվանակոչել են  Գեղարդի պատվին, որտեղ էլ հենց կնքվել ու 2020 թվականի  օգոստոսին մեկնել  է ծառայության,  ծառայում էր Մատաղիսում, պատերազմի օրերին Գեղամն էլ շատ ծառայակիցների նման չի ասել ծնողներին, որ  մասնակցում է մարտերին, որպեսզի չանհանգստանան:  Անմահացել է նոյեմբերի 7-ին, Շուշիում: Հետմահու արժանացել է  Արցախի նախագահի սահմանած ‹‹Մարտական ծառայության›› և Արցախի Պաշտպանության բանակի  ‹‹Անձնուրաց պաշտպան››  մեդալներին:   

Գեղամի մասին հիշողություններն անթիվ ու անհամար  են՝ ասում է մայրը՝ տիկին Արմինեն, ով հավաքել  ու խնամքով պահել  է հիշողություններ որդուց՝ լուսանկարները, գովասանագրերը, մեդալներն ու տարբեր մրցույթների հավաստագրերը: Պատմում է, որ Գեղամը շատ սիրված ու ընդունված է եղել բոլորի կողմից,  դպրոցում սովորել է բարձր առաջադիմությամբ, քիչ էր ժպտում ու միշտ տարեկիցներից հասուն էր մտածում,  կարծես գիտեր, որ  իր երկրային կյանքը կարճ է լինելու:

Համայնքի ղեկավարը և բոլոր ներկաները խնկարկեցին հերոսի շիրմին և ծաղիկներ խոնարհեցին:  

-Սիրելի ծնողներ,  խոնարհվում եմ ձեր առջև, Գեղամի և բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Դուք հայրենքին  ենք տվել ձեր ամենաթանկը՝  հերոս որդուն, որի օրինակով պիտի հպարտանան ու դաստիարկվեն  գալիք սերունդները: Տիկին Արմինե,  խոնարհվում եմ Ձեր և բոլոր հերոսածին մայրերի առջև,- իր խոսքում նշեց պարոն Մկրտչյանը:

Տիկին Արմինեի  հիշողությունները որդու հետ կապված անսահման  են, անվերջ   պատմում է, հիշում, արցունքն  աչքերին  հպարտանում  է  հերոս  զավակով,  Գարեգինի լռությունն առավել քան խոսուն է: 
 
Օդում վեհություն կար ու խոնարհում՝  բոլոր այն հերոսներին, ովքեր հայրենիքի զոհասեղանին  դրեցին իրենց մատաղ կյանքը: Ծնունդդ շնորհավոր, Հերոս: