Հայատյացությունը խրախուսվում է Ադրբեջանի նախագահի ելույթներում․ նա թշնամանք բորբոքող արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի հասցեին․ ՀՀ ՄԻՊ
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի կողմից հայատյացությունը սիստեմիկ պետական քաղաքականություն է։ Դա եղել է և խորհրդային տարիներին և շարունակվում է այդ պետության անկախացումից հետո։ 2021թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ուղեկցվել է հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից»,- ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգն Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ։

«Պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզը և պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ստացել է ամենածայրահեղ դրսևորումները։ Մեր հետևությունները հանգում են նրան, որ ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քարոզը՝ այս պետական քաղաքականությունն ունի երկու հիմք՝ էթնիկ և կրոնական ասպեկտներ»,-նշեց ՀՀ ՄԻՊ-ն ու հավելեց, որ կարծում է՝ հայատյացությունը փակ շղթա է, որը գեներացվում է ադրբեջանական իշխանությունների՝ այդ թվում բարձրագույն պետական մարմինների կողմից․ «Այնուհետև, գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային գործիչների կողմից ու արժանանում ամենացավալիին՝ հանրային գովասանքին՝ շատ հաճախ թիրախավորելով երեխաներին»։

Քրիստինե Գրիգորյանն ընդգծեց, որ հայատյացության խորքային պատճառները վերլուծված ու հիմնավորված են ՀՀ ՄԻՊ-ի և ԱՀ ՄԻՊ-ի 2020թ․ համատեղ հրապարակային զեկույցում ՝ ապացույցներով ու վերլուծությամբ․ «Օրինակ Ադրբեջանի տրանսպորտի և կապի, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ, որոնցից մեկն արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է՝ նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական արտահանման է ենթարկում Արցախը հայերից»։ 

Նա շեշտեց, որ պետական մակարդակով իրականացվող հայատյացության ապացույցներից է Բաքվում 2020թ․ սեպտեմբեր, նոյեմբեր ամիսներին պատերազմին վերաբերող այսպես կոչված ռազմավարի պուրակի բացումը՝ հայկական ռազմական տեխնիկայի հետ միասին ցուցադրված հայ զինծառայողների կերպարները, որոնք բոլորը ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում․ «Եվ այդ պուրակ խրախուսվում են անգամ մանկահասակ երեխաների այցելությունները»։ 

ՀՀ ՄԻՊ-ը հիշատակեց նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Ադրբեջանում հերոսի կոչում ստացած Ռամիլ Սաֆարովին։ 
Նա նաև տեսակետ հայտնեց, որ ամենավտանգավոր ասպեկտներից մեկն այն է, որ հայատյացությունն ուղղակիորեն խրախուսվում է Ադրբեջանի նախագահի ելույթներում․ «Նա թշնամանք բորբոքող արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցնում ողջ հայ ժողովրդի հասցեին»։