Մեր դեսպանությունն անում է ամեն ինչ. Ուկրաինայի հայ համայնքի ցանկացած ներկայացուցիչ հնարավորություն ունի վերադառնալու ՀՀ. Էդուարդ Աղաջանյան
«Ես կապի մեջ եմ Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ: Դեսպանությունը ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովվի»,- այսօր՝ մարտի 7-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և հավելեց, որ դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները տարհանվել են:

«Որքանով տեղյակ եմ, մեր դեսպանությունը տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևն այս պահին ռազմական գործողության կետերից մեկն է:

Մեր համայնքի ցանկացած ներկայացուցիչ, որը պատրաստ է և ցանկություն ունի լքելու տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են վերադառնալու Հայաստան, և Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»,- նկատեց Էդուարդ Աղաջանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: