Արցախ մտնող գազատարը վնասվել է Լիսագոր բնակավայրի մոտ, որտեղ Ադրբեջանի զինծառայողներն են նստած ու չեն թույլատրում վերանորոգել․ «Արցախգազ»
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Արդեն մեկ օր է՝ Արցախում չկա գազամատակարարում։ «Արցախգազ» ՓԲԸ-ից Civic.am-ին հայտնեցին, որ դեռևս տեղյակ չեն տեխնիկական խնդիրների հետևանքով է դադարել գազամատակարարումը, թե ադրբեջանական կողմն է դիտավորությամբ վնասել հիմնական գազատարը։
«Հիմնական գազատարը վնասվել է Լիսագոր (Շուշիի շրջան) բնակավայրի մոտ։ Այնտեղ Ադրբեջանի զինծառայողներն են նստած, մենք պետք է ռուս խաղաղապահների միջոցով գնանք ուսումնասիրենք, բայց ադրբեջանցիները դեռ չեն թույլատրում։ Հիմա ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի զինծառայողների հետ, բանակցությունների արդյունքի մասին դեռ տեղեկություն չունենք։»,-հավելեցին «Արցախգազ» ՓԲԸ-ից։
Արցախի ՄԻՊ-ից էլ նշեցին, որ մարտի 8-ի գիշերը՝ ժամը 01:00-ից գազամատակարարումը դադարեցվել է և մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա թե երբ կսկսվեն աշխատանքները։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի ՄԻՊ-ը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից․ «․․․գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր․․․»,-գրել էր Արցախի ՄԻՊ-ը։
Նարա Մարտիրոսյան