Ռուս-ուկրաինական պատերազմ. հաղթանակի ու պարտության գինը. ուղիղ
«Այն, որ այժմ Ուկրաինայում տեղի է ունենում պայքար ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, դա փաստ է, բայց դա նաև չի նշանակում, որ Ուկրաինան այստեղ գործոն չէ»,-«Մեդիա կենտրոնում» «Ռուս-ուկրաինական պատերազմ. հաղթանակի ու պարտության գինը» թեմայով հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Խոսելով Ուկրաինայի մասին՝ քաղաքագետն ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում, Ուկրաինայի համար ցավալիորեն՝ Ուկրաինան դարձել է ՌԴ- ԱՄՆ հակամարտության տաք կետ, որտեղ հակամարտությունը վերածվել է զինված բախման: Սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան գործոն չէ»: 

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ տասնամյակներ Ուկրաինան լինելու է սիրիական և լիբիական սցենարների միքս. «Քիչ հավանական եմ համարում, որ այն տարածքները, որոնք վերահսկվում են ռուսական կողմից, իսկ դրանք բավականին մեծ են՝ Խերսոնից սկսած վերջացրած Կիևի շրջակայք, Ուկրաինան կարողանա կրկին վերցնել իր վերահսկողության ներքո: Որոշ քաղաքներ էլ շրջափակման մեջ են. ռուսական զորքերն այդ քաղաքներ չեն մտել, սակայն այդ քաղաքները ռուսական զորքերի թիկունքում են՝ Չեռնիգովին, Սումին և Խարկովին է վերաբերվում, ապա դժվար ռուսական զորքերն այդ տարածքներից դուրս գան: Չեմ կարծում, որ Ուկրաինան հնարավորություն կունենա ուղղակի հակահարձակման անցնել ու հետ գրավել: Այնտեղ պարտիզանական պատերազմ է սկսվելու, հասկանալի է, որ արևմուտքն ամեն ինչ անելու է դրա համար. մատակարարելու է զենք ու ֆինանսական միջոցներ, մարդիկ, որոնք ֆիզիկապես գնալու են մարտնչելու, դրանք կարող են լինել վարձկաններ, կամավորականներ, վարձկաններ կամավորականների անվան տակ: Իմ գնահատմամբ՝ տարիներ, եթե ոչ տասնամյակներ Ուկրաինան լինելու է սիրիական և լիբիական սցենարների միքս»: