«Մենք այսօր հանդիպում ունեցանք Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, այնուհետև եռակողմ քննարկում կայացավ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս հանդիպումը կայացավ Թուրքիայի առաջարկով՝ նախագահ Էրդողանը ՌԴ նախագահ Պուտինի հետ խոսակցության ժամանակ այդ նախաձեռնությամբ էր հանդես եկել, և մենք համաձայնել ենք՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված ճգնաժամն ու այդ իրավիճակը հանգուցալուծելու քայլերը»,-այսօր Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք այսօր խոսել ենք հումանիտար հարցերից և հաստատել ենք ՌԴ-ի այն նախաձեռնությունը, որ ամենօրյա հումանիտար միջանցքների բացման մեր մոտեցումն ուժի մեջ է մնում։ Մենք տեղեկացրել ենք նաև մեր գործընկերներին, որ Բելառուսում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ Ռուսաստանը ներկայացրել է իրավական փաստաթղթի նախագիծ, և ուկրաինական կողմը, վերցնելով այդ առաջարկները Կիևում քննարկելու համար, հայտարարել է, որ կարճ ժամանակում դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ կտա։ Մենք ուզում ենք բելառուսական հարթակում լուրջ խոսակցություններ տանել՝ համաձայնեցնել այն հարցերը, որոնք պետք է որոշվեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում»,- նշել է Լավրովը։