Վահե Հակոբյանի կնոջ կայքը զբաղվում է ադրբեջանական քարոզչական թեզերի պրոպագանդայով՝ շոշափելով Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի կնոջ տնօրինությամբ գործող կայքը, ինչպես ասում են՝ օրը ցերեկով ու բացահայտորեն լծվել է ադրբեջանական նարատիվները «ռասկրուտկա» անելու եւ դրանց վերաբերյալ հանրության տրամադրությունները շոշափելու վտանգավոր գործին։  

Սույն կայքը հարցախույզ է իրականցրել մայրաքաղաքում՝ քաղաքացիներին հարցնելով, թե պատրա՞ստ են արդյոք բարեկամություն անել թուրքերի հետ, եւ՝ արդյո՞ք տեսնում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ 

Հարցադրման առաջին մասը՝ թուրքերի հետ բարեկամություն անելու մասով,կարելի է ողջամիտ հետաքրքրվածություն դիտարկել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ոչ միանշանակ վերաբերմունքը թուրքերի հանդեպ, իսկ ահա Ղարաբաղի մասով հարցումը, այն էլ այսպիսի ձեւակերպմամբ, ոչ մի կերպ չի տեղավորվում ողջամտության շրջանակում։ 

Փաստորեն, հասել ենք այնտեղ, երբ հայկական լրատվամիջոցը Հայաստանի սրտում՝ մայրաքաղաքում,  հայ հանրությանը հարցնում է հայկական երկրորդ պետության հնարավոր ապագա կարգավիճակի մասին, սակայն ոչ թե Հայաստանի կազմում, այլ՝ Ադրբեջանի։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի պատասխան են տալիս մեր համաքաղաքացիները /բոլորը դեմ են/, արձանագրենք՝ նման ձեւակերպմամբ հարցադրում անելը ոչ միայն աննորմալ է, այլեւ ցինիզմի ու անբարոյականության ժանրից, եւ մի դեպքում նորմալ կհամարվեր՝ եթե հարցում անող լրագրողն ու լրատվամիջոցը լինեին ադրբեջանցի եւ ադրբեջանական, հարցումն էլ իրականացնեին ոչ թե Երեւանում, այլ՝ Բաքվում։ Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ, մեղմ ասած տխուր ու ցավակցության արժանի բան տեղի կունենար այն լրատվամիջոցի ու լրագրողի հետ, որը շրջեր Բաքվի կամ ադրբեջանական որեւէ ծայրագավառի փողոցներով ու հանդգներ քաղաքացիներին հարցնել՝ տեսնո՞ւմ եք արդյոք Ղարաբաղը Հայաստանի կազմում։ Ալիեւի «պրիստավները», թերեւս  կհոգային, որ հարցադրման հեղինակն ու դրա պատվիրատուն չկարողանան ողջ ու առողջ հասնել խմբագրություն։  

Հ․Գ․ Նշենք, որ Ազատություն ռ/կ-ի եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով Ղարաբաղի կարգավիճակի  վերաբերյալ լրագրողի հարցին, նշել էր, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով պետք է վերսկսվեն բանակցությունները։ 

Մի շարք լրատվամիջոցներ, խեղաթյուրելով Աղաջանյանի եւ լրագրողի հարցուպատասխանը, պատգամավորին էին վերագրել այն միտքը, թե՝ ինքը դիտարկում է նաեւ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Հավանաբար այս խեղաթյուրումն էլ առիթ էր դարձել, որ վերոհիշյալ լրատվականը նման ձեւակերպմամբ հարցախույզ իրականացնի։ 

Հիշեցնենք, որ է․Աղաջանյան այսօր «Ազատության» եթերում հնչեցրած իր խոսքերի վերաբերյալ  պարզաբանում է տարածել՝ մասնավորապես նշելով․ «Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ, Հայաստանը մերժում է, բանակցությունների մեկնարկին ընդառաջ, որևէ նախապայմանի առաջ քաշումը։ Հետևաբար, կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ՝ դրանց մեկնարկից առաջ, որը, թերևս, ամենակարճ ճանապարհն է՝ գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու»։  

Ելենա Ազատյան