Երեկ՝ մարտի 28-ին, երեկոյան կրակոցներ են հնչել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ։ Կրակոցների հետևանքով մարմնի տարբեր հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և «Արտաշատ» ԲԿ է տեղափոխվել Հովհաննես Ղազարյանը, որը հայտնի է որպես «Գազի Հովո»։ Վերջինս «ՀայՌուսգազարդի» Արարատի մարզի մասնաճյուղի նախկին տնօրենն է։ Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ բժիշկները ոստիկաններին հայտնել են, թե վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հովհաննես Ղազարյանի մերձավորներից մեկի փոխանցմամբ՝ տուժողը վիրահատվել է, տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, վիճակը կայուն է։ Ըստ մեզ հասած լուրերի՝ կրակողը եղել է դիմակավորված անձ, իսկ թե ինչն է եղել հանցագործության շարժառիթը՝ դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ տարիներ առաջ էլ Արտաշատում զինված բախում էր տեղի ունեցել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր և Ղազարյանների ընտանիքի միջև։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 2010-ի գարնանը Հովիկ Աբրահամյանի որդին և եղբորորդին իրենց ընկերների հետ նախ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսի ծառայության մեքենաների վարորդներին, առևանգել այդ մեքենաներն ու այրել, հետո կրակահերթեր բացել Ղազարյանների տան վրա, որից հետո «Գազի Հովոյի» որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն և կրակել նրա մեքենայի վրա: Քրեական գործ հարուցվեց, Հովհաննես Ղազարյանը ստիպված եղավ լքել երկիրը, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, նրան պատկանող ընկերություններում ստուգումներ ու զանազան ճնշումներ սկսվեցին։