Ոչ մի դեպքում դուրս չենք գա Արցախից, մենք ուզում ենք գնալ մեր գյուղ՝ Խրամորթ, բոլոր գործերը կիսատ ենք թողել. Խրամորթ համայնքի ղեկավարի կին
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից դուրս եկած կանայք ու երեխաները դեռևս չունեն տեղեկություն, թե երբ կվերադառնան գյուղ, իսկ Փառուխ գյուղը շարունակում է մնալ Ադրբեջանի ԶՈՒ-ի հսկողության տակ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց Փառուխ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանի կինը՝ Աիդա Աբրահամյանը։

Նա նշեց, որ Քարագլուխ կոչվող բարձունքում հենակետեր տեղակայած Ադրբեջանի զինծառայողները դեռևս այնտեղ են, մինչդեռ Քարագլուխը Խրամորթ գյուղի բնակիչների անասունների միակ արոտավայրն էր. «Մեր սարն ա, ներքևում գյուղն ա, վերևում՝ սարը։ Միակ տեղը, որ արոտավայր էր մնացել Խրամորթում, Քարագլուխն էր, բոլորն իրենց կենդանիներին տանում էին այնտեղ։ Ներկա մոմենտին մեր կովը իր նոր ծնած հորթի հետ թողել եմ գոմում ու եկել եմ Ստեփանակերտ։ Քարագլուխ նաև վարձակալած հողեր ունեինք, սեպտեմբեր ամսին սալոր, պոպոք, մոշ էր լինում։ Ամեն տարի աշնանը գնում էինք այնտեղ և հավաքում բերքը»։  

Աիդա Աբրահամյանը պատմեց, որ գյուղի երեխաները տարբեր գյուղերում իրենց հարազատների տանն են և դեռևս դպրոց չեն հաճախում։ 

«Ոչ մի դեպքում դուրս չենք գա Արցախից, մենք ուզում ենք միայն գնալ մեր գյուղ՝ մեր տուն, բոլոր գործերը կիսատ ենք թողել՝ ապրիլին, մայիսին գարնանացան է, թուրքերը չեն թողնում այդ գործերը կատարենք։ Պատերազմից հետո բոլորն էլ վերադարձել էին գյուղ, ոչ մեկը չի լքել գյուղը՝ մոտ 300 բնակիչ ունի գյուղը։ Ամուսինս հիմա Խրամորթում ա, ասում ա՝ լավ ա լինելու, պաշտպանելու ենք, բայց թուրքը որ էնտեղ ա, ոնց կարանք հանգիստ ապրենք՝ ամեն օր իրենց հռետորաբանությունն են միացնում, իրենց նամազներն են միացնում լույսը չբացված, ասում են՝ կորուստների համար պատասխան չենք տալու»,- նեղսրտած պատմեց մեր զրուցակիցը:  

Խրամորթ համայնքի ղեկավարի կնոջ խոսքով՝ Խրամորթւոմ մնացել են միայն տղամարդիկ, ինքն էլ ամուսնուն թողել է գյուղում և սկեսրայրի հետ տեղափոխվել Ստեփանակերտ. «Հիմա Ստեփանակերտում ենք՝ 7 հոգով 1-սենյականոց բնակարանում ենք ապրում, վարձով՝ աղջկաս ընտանիքի հետ։ Աղջիկս էլ էր Խրամորթում ապրում, հղի էր, իրենց տունն էլ Խրամորթից դուրս էր, թուրքերին մոտ էր տունը, վախեցավ գյուղում ծննդաբերի ու մոտ 3 շաբաթ առաջ տեղափոխվեց Ստեփանակերտ, մեկ օր հետո էլ երեխան ծնվեց։ Հիմա աղջկաս Խրամորթի տանը ռուս խաղաղապահներն են ապրում՝ իրենց են տրամադրել»,- ասաց Աիդա Աբրահամյանն ու ընդգծեց, որ օրերս Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած Փառուխ գյուղն էլ էր բնակեցված՝ մոտ 17 ընտանիք կար գյուղում։ 

Նշենք, որ այսօր Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Խրամորթից ու Փառուխից տարհանված ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական օգնություն, կարիքավորները կտեղավորվեն ժամանակավոր կացարաններում. «Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նարա Մարտիրոսյան