Մարտունիում դաժան սպանությունը բացահայտվել է ժամերի ընթացքում․ տարադրամի փոխանակողը դանակի մի քանի հարված է ստացել
Այսօր, ապրիլի 5-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, ապրիլի 4-ին, ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից և տուն չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։

Ժամեր անց ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Կամո Ա․-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ։

Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են Հակոբ Ա․-ին, ով հրավիրվում է ոստիկանության Մարտունու բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սահմռկեցուցիչ սպանությունը բացահայտվել է ոստիկանինների օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Երբ կասկածյալ Հակոբ Ա․-ն արդեն ոստիկանությունում էր, իսկ նրա կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենան ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածքում, ոստիկաններն արդեն համոզված լինելով, որ սպանության հիմնական կասկածյալը նա է, մի քանի փաստի առջև են կանգնեցնում նրան (նախաքննությոն շահերից ելնելով, չենք հրապարակում), որից հետո նա արդեն լուսաբացին, փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանում է կատարվածը, այլ նաև ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։

Արդեն տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա առկա են մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները և քննչական խումբը։

Աղբյուր՝ shamshyan.com