Մեզ համար կարևոր է մոտիվացնել մեր աշխատակիցներին և ըստ արժանվույն գնահատել նրանց կատարած աշխատանքը. ԵՊՀ ռեկտոր
ԵՊՀ-ում սահմանվել են գիտական ներքին դրամաշնորհներ, որոնց գլխավոր պայմանը հրավիրյալ պրոֆեսորի ներգրավումն է ծրագրում: Այն կնպաստի ոչ միայն հետազոտությունների իրականացմանը, այլև գիտական հաղորդակցության ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը:
Բուհում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որոնց իրագործման ընթացքի և անհրաժեշտ միջոցների հավաքագրման աղբյուրների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Պարոն ՀովհաննիսյանԵՊՀ-ում իրագործվում են բարեփոխումների մի շարք ծրագրերԿներկայացնե՞ք՝ ինչ ուղղություններով են դրանք իրականացվում:

- Մեր կողմից իրականացվող ծրագրերի առաջնային նպատակը բուհում կրթության որակի բարելավումն է, ինչպես նաև հետազոտությունների արդյունավետ իրականացմանն ու նորարար և ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելը: Մենք սկսել ենք կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթաց, ինչը նպաստելու է ոչ միայն դրանց որակի բարձրացմանը, այլև՝ միջազգային ճանաչմանը: Ստորագրել ենք համագործակցության նոր հուշագրեր հայաստանյան և միջազգային տարբեր կազմակերպությունների ու գիտահետազոտական կենտրոնների հետ, որոնց շնորհիվ մեր ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար նոր հնարավորություններ են ստեղծվում:

Օրինակ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ վերջերս ստորագրել ենք համագործակցության համաձայնագիր, որի շնորհիվ համատեղ իրականացնելու ենք գիտնականների աջակցման «ADVANCE» («ԱԴՎԵՆՍ») դրամաշնորհային ծրագրի հետազոտական երկու նախագիծ: Դրանք իրականացվելու են մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում: «Յունիքիմ» ընկերության հետ համագործակցության արդյունքում էլ ստեղծվելու է նոր լաբորատորիա, որը հնարավորություն կտա նպաստելու քիմիական արտադրության տարբեր ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու դրանց մշակմանը:

ԵՊՀ-ում սահմանել ենք գիտական ներքին դրամաշնորհներ, որոնց գլխավոր պայմանը հրավիրյալ պրոֆեսորի ներգրավումն է ծրագրում: Սա նպաստելու է ոչ միայն հետազոտությունների իրականացմանը, այլև գիտական հաղորդակցության ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը: Էականորեն բարձրացրել ենք ԵՊՀ դասախոսների՝ միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրվելու դեպքում սահմանված լրավճարի չափը: Իրականացրել ենք կառուցվածքային փոփոխություններ՝ առավել արդյունավետ դարձնելու բուհի գործունեությունը:

Բացի դրանից, մենք մեր աշխատակիցների համար ձեռք ենք բերել առողջության ապահովագրության նոր փաթեթ, որն առաջարկում է լավագույն պայմանները՝ այդ կերպ թեթևացնելով նրանց սոցիալական բեռը: Առաջիկայում էլ մեր տնտեսումների ու վարձավճարների փոփոխությունների արդյունքում գոյացած միջոցներն ուղղելու ենք պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացմանը:
Մեզ համար կարևոր է մոտիվացնել մեր աշխատակիցներին, և ըստ արժանվույն գնահատել նրանց կատարած աշխատանքը:

Աշխատավարձերի բարձրացման դեպքում բուհը ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի՞ կրելու:

- Նախ ուզում եմ նշել, որ ուսման վարձավճարների բարձրացման արդյունքում գոյացած և այլ միջոցների հաշվին նախորդ տարի 10 %-ով բարձրացել էր պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը: Վերջերս էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ավելացել են վարչական և ուսումնաօժանդակ կազմի աշխատավարձերը, ինչի համար հիմք են ծառայել կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման արդյունքում գոյացած միջոցները: Ինչպես արդեն նշեցի, առաջիկայում էլ տարբեր գործընթացների շրջանակում ակնկալում ենք ունենալ տնտեսումներ և ֆինանսական նոր աղբյուրներ:

Կմանրամասնե՞քթե այդ միջոցներն ինչ գործընթացների արդյունքում եք հավաքագրելու:

- Մենք ակնկալում ենք տնտեսում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացի շրջանակում, և դա ոչ այն պատճառով, որ համապատասխան կարգում փոփոխություններ են եղել, կամ որոշ չափորոշիչներ խստացվել են. պարզապես մենք հիմա անցում ենք կատարել դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգի, ինչի արդյունքում այն ուսանողները, որոնց դիմումը չի համապատասխանում կարգի պահանջներին, չեն կարողացել դիմել: Այսինքն, գործընթացն ամբողջովին ավտոմատացվել է՝ բացառելով մարդկային միջամտության գործոնը: Այս կիսամյակում, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, կանխատեսում ենք ունենալ մոտավորապես 60 մլն դրամի տնտեսում:
Բացի դրանից, մեր առաջարկությամբ ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու որոշում, որի արդյունքում մեր հաշվարկներով 35-40 մլն դրամ ավելի քիչ հարկային ծանրաբեռնվածություն ենք ունենալու:

ԵՊՀ գիտական խորհուրդն էլ վերանայել է կրթական որոշ ծրագրերի վարձավճարների չափերը: Այս փոփոխությունը գործելու է ուսումնական հաջորդ տարվանից և վերաբերելու է ապագա առաջինկուրսեցիներին:  Այս գործընթացի արդյունքում ակնկալում ենք բյուջեի ավելացում 140 մլն դրամ գումարով: Շուրջ 160 մլն դրամով ավելացում էլ ակնկալում ենք 2020-2021 ուստարում ուսման վարձավճարների փոփոխության արդյունքում: Ինչպես արդեն նշեցի, բոլոր այս միջոցներն ուղղվելու են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացմանը:

Պարոն Հովհաննիսյանիսկ ինչի՞ հիման վրա են ուսման վարձավճարները փոփոխություններ կրել:

- Մենք իրականացրել ենք կրթական ծրագրերի ծախսերի գնահատում, ինչի արդյունքում ստացել ենք դրանց ինքնարժեքն ու փորձել ենք կատարել նվազագույն փոփոխություններ՝ ապահովելու ծախսածածկույթը: Ուզում եմ նշել, որ հատկապես բնագիտական մասնագիտությունների կրթական ծրագրերի վարձավճարների փոփոխություններն իրականացնելիս առավել մեղմ մոտեցում ենք ցուցաբերել, քանի որ այդ ուղղությամբ ակնկալում ենք պետության աջակցությունը: Թե՛ կառավարության, թե՛ լիազոր մարմնի կողմից կրթական այս ծրագրերն առանձնահատուկ հոգածության ներքո են գտնվում, ըստ այդմ՝ ենթադրում ենք, որ պետք է լինի ինչպես անվճար տեղերի, այնպես էլ այդ տեղերի համար փոխհատուցվող գումարի չափի ավելացում:

Մենք ունենք նաև այլ ծրագրեր ու նախագծեր, որոնց կյանքի կոչմամբ ստեղծելու ենք արդի մարտահրավերներին արձագանքող, նորարարությունները խթանող, միջազգային մակարդակում տեսանելի ու մրցունակ գիտահետազոտական կենսունակ միջավայր և մոտ ապագայում կպատմենք դրանց մասին: