Երեկ, ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել Սյունիքի մարզում։
Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։ Նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվող Հ․ Սինանյանը Գորիսում հայտնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերն է։