Էմիլյա Խաչիկյանը զինվորական է, ծառայում է զորամասի կապի բաժանմունքում: Նրա ամբողջ ընտանիքը՝ ամուսինը, երկու որդիները, ամուսնու եղբայրն ու քույրը 44-օրյա պատերազմը դիմավորեցին զինվորական համազգեստով: Ավագ որդին՝ Սպարտակ Մնացականյանը, 44 օր պայքարեց թշնամու դեմ կռվի ամենաթեժ կետերում, զոհվեց պատերազմի ավարտից ժամեր առաջ, անօդաչուի հարվածից:
-Էմիլյա, ինչպե՞ս է եղել, որ Ձեր ընտանիքում բոլորը զինվորականներ են:-Մենք Մեղրիից ենք, Ագարակից: Ամուսինս՝ Լևոն Մնացականյանը, հրետանավոր է, փոխգնդապետի կոչում ունի: Երբ ծնվեց իմ առաջնեկը՝ Սպարտակը, ամուսինս դիվիզիոնի հրամանատար էր, ու միայն նա էր զինվորական մեր ընտանիքում: Նա առավոտից երեկո ծառայության մեջ էր, էլ չեմ խոսում գործուղումների մասին. շատ քիչ էր տանը լինում: Բայց ամուսնուս եղբայրը նույնպես ցանկացավ ծառայության անցնել զորամասում: Երևի նրան հրապուրեց զինվորականների բարձր հեղինակությունը հասարակության շրջանում, նրանց գործի կարևորությունը, այն հպարտությունը, որով զինվորականները կրում էին սեփական համազգեստը: Ամուսնուս եղբորը հետևեց նրանց քույրը…
Երբ քո ընտանիքում բոլորը զինվորականներ են, ունեն ընդհանուր հետաքրքրություններ, զրույցի ընդհանուր թեմաներ, ընդհանուր աշխարհ, ինքդ էլ ես ուզում միանալ նրանց, դառնալ նրանցից մեկը: Ու ես էլ որոշեցի ծառայության անցնել զորամասում:
-Իսկ երեխաներին ո՞վ էր խնամում:-Երբ ես սկսեցի ծառայել, Սպարտակս 14 տարեկան էր, Հայկս՝ 12: Նրանք սովորեցին ինքնուրույն կյանքին. ոչ միայն ինքնուրույն պատրաստում էին դասերը, ինքնուրույն կազմակերպում էին իրենց կենցաղը, այլև պատահում էր՝ օրերով մենակ էին մնում, երբ ամուսինս գործուղման մեջ էր լինում, իսկ ես հերթապահում էի զորամասում: Զարմանալի է. տղաներս մենակ ավելի հաշտ ու միասնական էին, քան երբ ես ու ամուսինս տանն էինք: Մեր ներկայությամբ վեճերն անպակաս էին, իսկ երբ մենակ էին, դառնում էին զգոն, հավասարակշիռ, հոգատար ու պատասխանատու:
-Պիտի խնդրեմ, որ Սպարտակի մասին ավելի մանրամասն պատմեք:-Ուսուցիչներն ասում էին, որ Սպարտակը դպրոցի հոգին է: Բացի այն, որ գերազանցիկ էր, նաեւ եռանդուն էր, նախաձեռնող: Տղաներն ասում էին, որ Սպարտակը շատ ընկերասեր է, նա առհասարակ մարդասեր էր: Մի ուրիշ սիրով էր օգնում մարդկանց. մեծ հոգեկան բավարարություն էր ստանում ուրիշների հոգսերը հոգալուց: Չափազանց ներողամիտ էր: Բոլոր բացասական հույզերը թողնում էր նախորդ օրվա մեջ ու նոր օրը դիմավորում էր լուսավոր հոգով… Չափազանց լավատես էր, նրա համար չկային վատ մարդիկ, միշտ ինչ-որ արդարացում գտնում ու ներում էր: Շատ էր սիրում կենդանիներին, իսկ շներին առանձնահատուկ կարեկցում էր:
Սպարտակը պարտաճանաչ էր: Նա բարոյականության մասին իր ամուր պատկերացումներն ուներ ու երբեք չէր շեղվում դրանցից անգամ ամենափոքր հարցերում: Օրինակ՝ միշտ դասի էր գնում 15 րոպե շուտ:
Սիրում էր պատմական ֆիլմեր դիտել: Սիրում էր երգել: Շատ հմուտ էր խոհանոցում, այնքան համեղ էր պատրաստում: Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, երազում էր դառնալ Եգիպտոսում Հայաստանի դեսպանը: …Մի ակնառու հատկանիշ էլ ուներ. ոչ մի բանից չէր վախենում: Հայկս զգուշավոր է, իսկ Սպարտակս այնպես էր ապրում, ասես՝ ապահովագրված էր բոլոր փորձանքներից: Ես շատ էի անհանգստանում նրա համար նույնիսկ խաղաղ ծառայության ժամանակ;
Շարունակությունը՝
hayzinvor.am