Առողջապահության նախարարությունը կարեւոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման պարագայում երեխա ունենալու հնարավորություն կտրվի ծնողական բերկրանքը վայելելու հնարավորություն չունեցողներին։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում
զետեղվել է «Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը։ Առաջարկվող նախագծով սահմանվում է արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, որը կնքվում է սաղմի կենսաբանական ծնող հանդիսացող անձանց/անձի և բուժհաստատության միջև, ինչպես նաև բուժհաստատության կողմից դրա կարիքը ունեցող անձանց/անձին սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները:
«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ սաղմի անհատույց տրամադրման արդյունքում այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, նույնպես հնարավորություն կստանան վայելելու ծնող դառնալու բերկրանքը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի կյանք տալ այն սաղմերին, որոնք այլապես պետք է ոչնչացվեին: Մյուս կողմից, դոնորական սաղմի ներպատվաստման առաջնահերթություն տալով պետական պատվերի շրջանակներում բուժում ստացող անպտուղ զույգերին, վերջիններիս արտամարմնային բեղմնավորման համար անհրաժեշտ գումարը կտնտեսվի, թեթևացնելով պետության բեռը և ուղղելով այդ միջոցները այլ անպտուղ զույգերի բուժմանը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
Հավելելք, որ Հայաստանում անպտղության բուժման և հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մարտի դրությամբ ծնվել է 133 երեխա: 2019-ին ծրագիրն ունեցել է 385 շահառու, 2020-ին՝ 604 շահառու, իսկ 2021-ին արդեն՝ 917 շահառու:
Միայն 2021 թվականին արտամարմնային բեղնավորմամբ գրանցվել է 214 հղիություն, ծնվել է 76 երեխա:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման ծրագրի» իրականացման 2021 թվականի տվյալներին վերաբերող ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշել էր, որ 2020 թվականի դեկտեմբերին Ծրագրի ֆինանսավորումը կազմել է շուրջ 300 մլն դրամ, իսկ 2021 թվականին արդեն կատարվել է շուրջ 500 մլն դրամի աշխատանք։ Վերջինս միաժամանակ հավելել էր, որ 2022-ին ֆինանսավորման նույն չափը կպահպանվի, սակայն շահառուների թվի ավելացմանը զուգահեռ Կառավարությունը պատրաստակամ է կրկին ավելացնել գումարը:
Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքների բնակիչնեըը, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է:
Շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս կարող են ծրագրից օգտվել մինչև 42 տարին լրանալը:
Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ, այն կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ:
Ե․Ա․