Սահմանվել են Արցախի տարածքում ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման կանոնները
Արցախի նախագահի հրամանագրով` սահմանվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները։

Ըստ այդմ, ռազմական բնույթի, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվությունները, Արցախի սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվությունն և հրապարակումները, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումները կատարվում են բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունն՝ առանց խմբագրման։

Մասնավորապես, արգելվում է Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը։ Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով­ հանդես են գալիս Արցախի նախագահը, Արցախի համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի նախագահի հանձնարարությամբ:

Հրամանագրում նշվում է նաև, որ պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն, իրենց լիազորությունների շրջանակներում, կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով­ և մեկնաբանություններով­ միայն Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:

Կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի ոստիկանությունը: Սահմանված կանոնների խախտումը ենթադրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն: