Հարևանների հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում չի կարող ենթադրել ՀՀ սուվերեն տարածքի և կամ դրանց նկատմամբ ՀՀ սուվերեն իրավունքի վերացման․ «Ազատ Հայաստան» նախաձեռնություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ,
 
Հաշվի առնելով ՝
  • Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերափոխումների մտահոգիչ միտումները և դրանցում Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման հրամայականները
  • Ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական  բարդ իրավիճակում հայաստանյան մի շարք ուժերի կողմից  ներհայաստանյան քաղաքական կյանքի նպատակային և դիտավորյալ ապակայունացման ոչ կառուցողական գործողությունները
  • Այդ ուժերի կողմից Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու նպատակային քայլերը և դիրքորոշումը

«Ազատ Հայաստան» նախաձեռնությունը նախաձեռնում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պաշտպանությամբ և ամրապնդմամբ շահագրգիռ քաղաքական, հասասարակական ուժերի ու անհատների համախմբման և նոր քաղաքական, հանրային պլատֆորմի ձևավորման գործընթաց՝ հետևյալ օրակարգային և հրատապ հարցերի ու հիմնադրույթների շուրջ.
  • Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և սակարկության ենթակա չէ
  • Հայաստանը չի կարող լինել որևէ վերպետական և վերազգային միավորի և կազմակերպության անդամ, որը կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը՝ հանգեցնելով, ընդհուպ, դրանց կորստին
  • Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գրավականը իրական ժողովրդավարության հաստատումն է, որտեղ գերակա են մարդու իրավունքներն ու սոցիալական արդարությունը
  • Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա արցախահայության  ինքնորոշման իրավունքի հիմքով՝ արցախի ազգաբնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հստակ երաշխիքների ամրագրմամբ
  • Հայաստանի Հանրապետությունը պետք է կարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ելնելով իր ազգային և պետական շահերի հիմնարար սկզբունքներից ու աշխարհաքաղաքական արդի զարգացումների հրամայականից
  • Հարևանների հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում (այդ թվում, արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում) չի կարող ենթադրել և/կամ հանգեցնել ՀՀ սուվերեն տարածքի և/կամ դրա մի հատվածի կորստի կամ դրանց նկատմամբ ՀՀ սուվերեն իրավունքի վերացման և/կամ սահմանափակման
  • Պետք է տրվեն հստակ քաղաքական գնահատականներ այն քաղաքական ուժերին և նրանց սպասարկող կազմակերպություններին ու անհատներին, որոնք վերջին քսան տարիներին ղեկավարել են Հայաստանը և, ըստ էության, ձախողել պետությունը՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում և այսօր կրկին ցանկանում են իշխանության գալ՝ ձգտելով ռևանշի
Հարգելի՛ գործընկերներ,

Վերը նշված հիմնադրությների և հիմնախնդիրների շուրջ քաղաքական-հասարակական համախմբում ապահովելու և Հայաստանի ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական դիմադրողունակությունը բարձրացնելու նպատակով «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը սկսում է հանդիպում-քննարկումների շարք  նշված օրակարգային հիմնադրույթները և մոտեցումները կիսող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպաստելով նաև վերը նշված հիմնադրույթների ու մարտահրավերների հաղթահարման և օրակարգային հարցերի լուծման շուրջ քաղաքական, հասարակական և հանրային նոր պլատֆորմի ձևավորմանը:

(Նշված օրակարգային հիմնադրույթները քննարկումների արդյունքում կարող են լրացվել և լրամշակվել)

«Ազատ Հայաստան»  նախաձեռնություն

Էլ. փոստ՝ azathayastan.freearmenia@gmail.com