Սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Արևաշատի մանկապարտեզի կառուցումը
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Արևաշատի մանկապարտեզի կառուցումը: 20 տարի դադարից հետո բնակավայրն ունի մեկհարկանի, բոլոր հարմարություններով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։
114 մլն 393,56 հազար դրամ պայմանագրային արժեքով մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ 2020-2022 թվականների կտրվածքով և կողմերի 50 տոկոս մասնակցությամբ:
Ծրագրի իրականացումն ապահովել է «Վիլլաշին» շինարարական ընկերությունը:
Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ, պատրաստվել են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Իսկ երկրորդ փուլով իրականացվել է ներքին և արտաքին կոյուղու անցկացում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցում և ընդհանուր հարդարում:
Ծրագրի՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում իրականացումը գտնվել է մարզպետարանի ամենօրյա ուշադրության ներքո: Նշենք, որ մանկապարտեզի շահագործումից հետո կստեղծվի շուրջ 12 հիմնական աշխատատեղ: