Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, որով թուրքական հումքից Վրաստանում արտադրված ապրանքն այսուհետ կարող է արտահանվել Եվրամիություն՝ արտոնյալ պայմաններով, հայտնում է Azatutyun.am-ը։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքով, ազատ ատևտրի այդ ռեժիմից կարող են օգտվել արդյունաբերության բոլոր ոլորտները, բացի գյուղատնտեսությունից։ Ըստ պաշտոնյաների, գործարքը կնպաստի տնտեսության զարգացմանը, նոր ներդրումների ու աշխատատեղերի ավելացմանը։
ԵՄ-Թուրքիա-Վրաստան եռակողմ այդ համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2017-ին, ավելի վաղ Թբիլիսին ասոցացման համաձայնագիր էր ստորագրել Եվրամիության հետ, ինչը հնարավորություն է տալիս վրացի գործարարներին շահավետ պայմաններով մտնել եվրոպական շուկա։