«Ես չգիտեմ՝ հետագայում ինչ ճակատագիր է ունենալու Մինսկի խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսատյացության արշավի ընթացքում ձգտում են չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։
Դա նրանց իրավունք է. եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը և ընդհանուր առմամբ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է»։ Ապրիլին՝ ռուս-ուկրաինական պատերազմից մոտ մեկուկես ամիս անց, նման հայտարարություն էր արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իսկ արդեն հունիսին՝ օրեր առաջ, Բաքվում գտնվող ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկրորդ անգամ գուժեց ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ լեգիտիմ ֆորմատի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործունակության մասին՝ մասնավորապես հերթական անգամ շեշտելով այդ կառույցի աշխատանքների դադարեցման մասին, և կրկին նշեց մեղավորների անունները՝ «ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցներ»։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի հարցը չեն քննարկել, բայց փոխարենն անդրադարձել են հետպատերազմյան կարգավորմանը։ «Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հարցը, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ֆրանսիացի ու ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ, բայց կոնֆլիկտից հետո ստեղծված իրավիճակի կարգավորումը, իհարկե, քննարկել ենք։ Այս նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում եռակողմ երեք հայտարարությունները, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից»,-հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարը՝ այսպիսով փաստորեն շեշտելով 44-օրյա պատերազմից հետո ի հայտ եկած «նոր իրողության» պայմաններում տարվող և տարվելիք աշխատանքների մասին։
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Մինսկի խմբին՝ հաշվի առնելով դրա եռանախագահների վերջին շրջանի հայտարարություններն ու գործողությունները։ Մինչ Լավրովը խոսում է այդ կառույցի անգործունակության մասին, ԱՄՆ-ն Մինսկի խմբի նոր համանախագահ է առաջադրում և այսպիսվ շեշտում ֆորմատի կենսունակությունը։ Նկատենք, որ ԼՂ խնդրով զբաղվող միակ լեգիտիմ կառույցի չեղարկմամբ ակնհայտ շահագրգռություն է ցուցաբերում մասնավորապես Ալիևը, որին, կարծեք, ակամա աջակցում է ՌԴ-ն՝ իր ԱԳ նախարարի շուրթերով։ Ի պատասխան`
Civic.am-ի հարցի՝ քաղաքագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Մեզանում Մինսկի խմբի մասին տեղեկացվածության ակնհայտ պակաս կա։ Մինսկի խումբը միայն ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն։ Նրանք համանախագահ են, իսկ խմբի անդամ են նաև Գերմանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Իտալիան, Բելառուսը, ինչպես նաև՝ Հայաստանը և Ադրբեջանը։ Այդ խումբը ստեղծվել է ԵԱՀԽ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների կոնսենսուսային որոշմամբ և ունի ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների մասնակցությամբ Արցախի կարգավիճակը որոշելու մանդատ։
Այսինքն՝ փաստացի Մինսկի խմբի «անդամ է» նաև Լեռնային Ղարաբաղը։ Ես ենթադրությունների և կոնսպիրոլոգիական մտավարժանքների կամ ոչինչ չասող հայտարարություններ ընդունելու փոխարեն կգերադասեի, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի որոշմամբ ԼՂ կարգավորման շահագրգիռ կողմ ճանաչված Արցախի Ազգային ժողովը, որպես ընտրյալ ներկայացուցչական մարմին, դիմեր Մինսկի խմբի անդամ բոլոր պետություններին և առաջարկեր, որ նրանք կատարեն Մինսկի խորհրդաժողով գումարելու և ԼՂ միջազգայնորեն լեգիտիմ կարգավիճակը սահմանելու իրենց հանձնառությունը»։
(Միջանկյալ արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ստեղծվել է 1992թ. մարտի 24-ին՝ անդամ պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի, արտաքին գործերի նախարարների Կոմիտեի որոշմամբ։ Եվ մինչև նույն ձևաչափով այլ որոշում չկայացվի, իսկ դա անհնար է, որովհետև պահանջվում է ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների կոնսենսուս, Մինսկի խումբը և նրա համանախագահությունը չեն դադարելու գործել։ Ասել է թե՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ որևէ այլ երկիր կամ Ադրբեջանը, կամ այլ երկիր՝ միասնաբար, ԼՂ միջազգայնորեն լեգիտիմ կարգավիճակ որոշելու որևէ իրավասություն չունեն)։
Այսուհանդերձ, մինչև Արցախի ԱԺ-ն Ձեր նշած նախաձեռնությամբ հանդես կգա՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում ԼՂ կարգավիճակի հարցի համատեքստոում։ Մասնավորապես՝ Լավրովը խոսում է «կոնֆլիկտից հետո ստեղծված իրավիճակի կարգավորման» մասին՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որտեղ ԼՂ կարգավիճակին առնչվող հարցը, որքան գիտենք, արծարծված չէ։ Ի պատասխան՝ պրն Աթանեսյանը հայտարարեց. «Եթե խորքով գնահատենք Հայաստանի և Արցախի ընդդիմադիրների վերջին օրերի հնչեցրած տեսակետը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեզ համար հնարավորություններ ունի, բայց դրանք իրացնելի կլինեն միայն Փաշինյանի հեռացումից հետո, ապա կունենանք հարցի պատասխանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի շոշափում ԼՂ կարգավիճակի հարց, բայց և չի կանխորոշում, որ նման հարց չկա, ինչպես Ալիևն է «մեկնաբանում»։ Փաստաթղթում մի քանի անգամ շեշտվում է «Լեռնային Ղարաբաղ»-ը։ Եթե նայենք քարտեզին, ապա ռուսական խաղաղապահ զորախումբը, բացառությամբ օկուպացված տարածքների, կանգնած է նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններում և Լաչինի միջանցքում։ Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը վերջին ասուլիսում հատուկ ընդգծեց, որ Լաչինի միջանցքում նոր երթուղու գործարկման պարագայում Ադրբեջանին կանցնեն «նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս հատվածները»։ Սրանք սկզբունքային հանգամանքներ են։ Ավելի չծավալվեմ։ Խորհուրդ կտայի ամենայն ուշադրությամբ վերլուծել նաև Լաչինի միջանցքի մասին Արցախի նախագահի՝ ԱԺ այսօրվա նիստում արված դիտարկումները»։
Նշենք, որ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանն այսօր
հայտարարել է, որ «Արցախը Հայաստանին կապող առաջարկվող նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու»:
Հեղինե Մանուկյան