ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար
Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է սեպտեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով 20:00-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին համաձայնությունը և հույս ունի, որ զինադադարը կպահպանվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով փոխտեղակալ Միրոսլավ Յենչան՝ ներկայացնելով իր զեկույցը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Գլխավոր քարտուղարի փոխտեղակալը վկայակոչեց ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդած տվյալները, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում:

Չնայած հայկական կողմի զեկույցներին և ներկայացված փաստերին ոչ միայն մարտական դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի թիրախավորման մասին, գլխավոր քարտուղարի օգնականն ասում է, թե «ՄԱԿ-ը այն դիրքում չէ, որ ստուգի կամ հաստատի այդ զեկույցների մանրամասները»: Միրոսլավ Յենչան մեջբերեց պաշտոնական այն տվյալները, որ հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող և վիրավորվել է 6 քաղաքացիական անձ:

«Երկու երկրներն էլ գրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ պնդելով Ռուսաստանի կողմից 2020 թ. միջնորդված հրադադարի և իրենց տարածքային ամբողջականության խախտումների մասին: Միավորված ազգերի կազմակերպությունը այն դիրքում չէ, որ ստուգի կամ հաստատի այդ զեկույցների մանրամասները: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս վտանգավոր սրացման կապակցությամբ՝ ներառյալ դրա հնարավոր ազդեցությունը քաղաքացիական բնակչության վրա, և կոչ ենք արել կողմերին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար», - ասաց գլխավոր քարտուղարի փոխտեղակալը:

Միրոսլավ Յենչայի խոսքով՝ ՄԱԿ-ի տեղական թիմերը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում պահպանում են բաց կապը տեղի իշխանությունների հետ և պատրաստ են արձագանքել առաջացող հումանիտար կարիքներին, եթե դիմումներ լինեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը զեկուցեց Անվտանգության խորհրդի նախագահին, որ այս շաբաթ տեղի ունեցած դեպքերը ամենավերջին և ամենախոշոր բախումներն էին կողմերի միջև 2020-ի դեպքերից հետո:

«Սա ընդգծում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է բախվել լուրջ խոչընդոտների: Այս էսկալացիան նաև ընդգծում է կողմերի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահմանազատման և սահմանազատման շարունակվող գործընթացում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը։ Մենք կոչ ենք անում կողմերին օգտվել այս կարևոր մեխանիզմից՝ որպես սահմանին լարվածությունը թուլացնելու անհրաժեշտ քայլ: Այս շաբաթվա իրադարձությունները նաև հիշեցնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նաև տարածաշրջանը ապակայունացնելու ներուժ ունի։ Նրանք ընդգծում են տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր դերակատարների կառուցողական գործելու և կողմերի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հավելեց գլխավոր քարտուղարի փոխտեղակալը:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: