Ուկրաինայի բանակը հոկտեմբերի 1-ից սկսած ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել և տասնյակ բնակավայրեր Խերսոնի շրջանում, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այդ տարածքներում իրավիճակը կայունացրել ենք ռուսների կազմակերպած կեղծ հանրաքվեներից հետո», - ասել է Ուկրաինայի նախագահը: Նա հայտնել է, որ ուկրաինական ուժերը հաջող գործողություններ են անցկացրել երկրի արևելքում: Զելենսկին խոսել է նաև Զապորոժիեի ատոմակայանի մասին, խոստովանելով, որ եթե այն չաշխատի՝ երկրում բարդությունները կավելանան: «Մյուս խնդիրն էլեկտրականությունն է: Մենք հիմա չունենք հոսանքի ավելցուկ, որը կարող էինք տրամադրել Եվրամիության երկրներին: Դա վնաս է նաև Եվրամիության պետությունների համար, քանի որ դրանք զրկվում են էլեկտրականության մատակարարման հուսալի աղբյուրից»,- նշել է Զելենսկին: Ռուսները պատերազմի առաջին փուլում են գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը, սակայն այնտեղ ուկրաինացիներն են աշխատում: Պատերազմից առաջ այդ ատոմակայանն արտադել է Ուկրաինայում սպառվող հոսանքի մեկ հինգերորդը: