Ակնկալում ենք տարեվերջին ունենալ շուրջ 10 տոկոսի գնաճ, սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9,9 տոկոս. Մարտին Գալստյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5 տոկոս։
«2022թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9,9 տոկոս։ 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10,5 տոկոս»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին, ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ հիմնական գնաճը Հայաստանի գործընկեր երկրներում դեռևս պահպանվում է բարձր, և համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։
«2022թ. երրորդ եռամսյակում տնտեսության ակտիվության բարձր միտումները պահպանվում են։ Հայաստանի տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ։ Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը»,- ասաց Մարտին Գալստյանն ու հավելեց, որ սա արտահայտվում է նաև դրամի փոխարժեքի արժևորմամբ։
Նրա խոսքով՝ բարձր պահանջարկը նպաստում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը։ Այդ իսկ պատճառով ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Մարտին Գալստյանը նշեց, որ իրենց գործողությունները միտված են պահանջարկը զսպելուն. «Ակնկալում ենք տարվա վերջին ունենալ շուրջ 10 տոկոսի գնաճ՝ նույնիսկ զսպման մեխանիզմների կիրառմամբ։ Մյուս տարի կանխատեսում ենք, որ համաշխարհային շուկաներում կդիտվի որոշակի ապրանքների գների նվազում»։