«Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, և այդքան մեծ ձայների մեջ, ես կարծում եմ, նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացավ, մեկինը երեքով պակասեց, որոշ դեպքերում ընդհանրապես փոփոխություն տեղի չունեցավ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով ՔՊ վարչության ընտրության վերահաշվարկի մասին, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Խոսելով նաև ընտրությունների արդյունքները կեղծելու վերաբերյալ մեղադրանքների մասին՝ Գևորգ Պապոյանն ասաց, որ այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, և դա արձանագրվել է նաև հանձնաժողովի վերահաշվարկի արդյունքում։
«Նման գնահատական ես չէի հնչեցնի, և նման գնահատական հնչեցնող չի եղել այնտեղ»,- ասաց Գևորգ Պապոյանը։ Նա նշեց, որ չի բացառում տեխնիկական սխալներ եղած լինեն, իսկ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր, շատ ավելի դանդաղ, շատ ավելի երկար, շատ ավելի մեծ քանակով մարդկանցով է հաշվարկը տեղի ունեցել։
Խոսելով նաև լրագրողների այն դիտարկման մասին, որ Սուրեն Պապիկյանի մտերիմների՝ վարչություն անցնելու օպերացիա է իրականացվել, Գևորգ Պապոյանն ասաց. «Ես նման բան բացառում եմ և չեմ հավատում դրան, և իմ տեսածն ու իմ լսածը բոլորովին այլ բանի մասին են վկայում։ Եվ եթե ինձ հարցնում եք, ես ասում եմ՝ բացառում եմ նման բան»։