Գեղամ Մանուկյանը վաղվա հանրահավաքում կպատառոտի՞ նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ եթե ընդդիմության փորացավը միայն բանակցողին հեռացնելն է, գործ ունենք շարքային ավանտյուրիստների հետ
Խորհրդարանական ընդդիմությունը իշխանափոխության անհրաժեշտությունը հիմնավորում է նաև այն փաստարկով, թե իբր «հայրենազրկման»,   «կապիտուլյացիայի» շարունակվող գործընթացը կանխելու համար պետք է գլխավոր բանակցողի փոփոխություն։ Իր վերջին ասուլիսում, օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետևյալ հարցադրումն արեց այս համատեքստում. «Իսկապես պետք է փոխել։ Կա 100-տոկոսանոց երաշխիք, որ անպայման ինչ-որ ամեն ինչ փոխվելու է։  Ո՛չ։ Բայց կա շատ մեծ հավանականություն, որ, այո, փոխվելու է, հիմա ի՞նչ,  գլուխներս քաշ գցած գնանք կապիտուլյացիայի ծրագրո՞վ, թե՞ փորձենք ինչ-որ բան փոխել»։ 

Արդ, տեսնենք, թե ինչ է ասում ընդդիմության շարժման  առաջնորդ, Քոչարյանի թիմակից  Իշխան Սաղաթելյանը բանակցողի փոփոխության մասին՝ երեք օր առաջ «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։  Ի պատասխան հարցի, թե ինչ է անելու ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, երիտդաշնակցականը, ուշադրություն, հայտարարում է. «Ես գիտեմ էդ հարցադրումը՝ լա՜վ, Նիկոլը գնաց, ի՞նչ ա լինելու։ Ինքն իր հետ տանելու ա իր բոլոր պայմանավորվածությունները, երկրին պատերազմ, պարտություն բերած գործիչը  չի կարող երկրին խաղաղություն բերել։ Ինքը գնալով իր հետ տանում ա իր բոլոր բանավոր պայմանավորվածությունները, նրա փոխարեն ունենում ենք ժամանակ»։ ՀՅԴ-ական պատգամավորը քանի որ, ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ էինք նշել, մանիպուլյատոր է,  որոնք առաջնորդվում են իրենց լսարանի՝ ապուշ լինելու կանխավարկածով ու  առանց անառարկելի փաստերի ու ապացույցների պնդումներ անում, չի նշում  առնվազն մեկ անհերքելի ապացույց  առ այն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ սուբյեկտի  հետ ձեռք է բերել որևէ «բանավոր պայմանավորվածություն»։  Գուցե բանավոր պայմանավորվածություն ասելով Սաղաթելյանը նկատի ունի, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին խոստացել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախընթաց շրջանում  նրան նվիրել մի բանկա  հայկական անարատ մեղր,  երեք կիլոգրամ  չիչխանի  չիր   կամ էլ «չորսը՝ երեքի վրա»  1 Էրեբունի գո՞րգ։  Չենք կարող ասել,  քանի որ նման բանավոր խոստման մասին  որևէ փաստ մեր ձեռքի տակ չկա։  Սաղաթելյանն, իհարկե կարող է հղում անել «բանավոր պայմանավորվածությունների» մասին  տեսության ջատագով, Քոչարյանի օրոք ԱԳ նախարար աշխատած, հայ ժողովրդի, այդ թվում՝ ՀՅԴ-ական ջոկատների  կողմից  ազատագրված տարածքները «օկուպացված» անվանած Վարդան Օսկանյանին,  սակայն պարոն Օսկանյանը, բարեբախտաբար, այլևս չի ներկայացնում Հայաստանը ընթացող բանակցություններում, հետևապես նրա խոսքերի արժեքն ավելին չէ, քան Սաղաթելյանի կուսակցության գրասենյակի հեռախոսավարուհու։ Օսկանյանը, հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին հրապարակված հոդվածում գրել էր, որ որոշ հարցեր նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից դուրս են թողնվել, բայց դրանց շուրջ եղել են «բանավոր պայմանավորվածություններ»։ Ի պատասխան նախկին ԱԳ նախարարի այս պնդման՝ ՀՀ գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հակադարձել էր. «Հոդվածի վերլուծության հիմքում դրվել է որոշակի կանխավարկած, ու դրա հիման վրա կառուցվել է վերլուծություն ու պնդում։ Առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի դա, որովհետև հետևությունների հիմքում դրված է շատ թեական վարկած, որ կա բանավոր պայմանավորվածություն։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Ստացվում է՝ ամբողջ թեզը անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով հանդերձ Օսկանյանի հանդեպ»։ 

Լավ, եթե անգամ կան այդպիսի՝ բանավոր  պայմանավորվածություններ, որոնք հնարավոր է չեղարկել դրանք ձեռք բերածին «տուն ուղարկելով»,  ապա ի՞նչ են անելու, ինչպե՞ս են վարվելու պարոնայք «իշխանափոխականները» արդեն իսկ առկա՝ ստորագրված փաստաթղթերի հետ։ Օրինակ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որից էլ բխում, ածանցվում են մնացած բոլոր փաստաթղթերը (անգամ օրեր  առաջ Սոչիում ընդունված հայտարարության տեքստում հղում է արվում «մայր» փաստաթղթին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը)։

Տխրահռչակ այդ փաստաթուղթը, որը քանիցս որակվել է որպես կապիտուլյացիոն, Նիկոլ Փաշինյանի գնալուց հետո ընդդիմությունը չեղարկելո՞ւ է,  թե՞ սիրով ու աչալրջորեն աշխատելու է ՌԴ նախագահ Պուտինի գրած, ստորագրած  այդ փաստաթղթի հետ։ Եթե  ոչ, ապա տարրական  ազնվությունը ենթադրում է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքում Գեղամ Մանուկյանն այն պետք է դեմոնստրատիվ  պատռի ու կտոր-կտոր անի, ճիշտ այնպես, ինչպես օրերս վարվեց վաշինգտոնյան փաստաթղթի հետ։ Տրամաբանությունը հուշում է, որ  եթե բանակցողը, որին ընդդիմությունը միաբերան «կապիտուլյացիայի սիմվոլ» է անվանում,  փոխվում է, ապա պետք է «ոչ ևս արվի»  նաև այն  հիմնարար փաստաթուղթը, որը ստորագրելու պատճառով էլ բանակցողը ստացել է հիշյալ որակումը։  Բայց  եթե ընդդիմության գլխավոր փորացավը միայն բանակցողին հեռացնելն  է՝ առանց 100-տոկոսանոց երաշխիքի, որ հնարավոր է «բան փոխել» արդեն ստորագրված եռակողմ հայտարարության մեջ (վարկած, որին, ի դեպ, նույնիսկ Քոչարյանը չի հավատում), ապա գործ ունենք ոչ թե  «նոր կապիտուլյացիան»  կանխել փորձող,  այլ ժողովրդին ապուշի տեղ դնող ավանտյուրիստների հետ, որոնք միայն այժմ են հիշել ժամանակ շահելու, ժամանակի՝ ի վնաս Հայաստանի աշխատելու մասին։ Այն դեպքում, երբ բավարար ժամանակ՝ 20 տարի ունեին որպես հոյակապ, բացառիկ, վիրտուոզ...  բանակցող հանդես գալու,  ԼՂ հարցը  լուծելու և վերահաս կապիտուլյացիան, որից փորձում են իրենց կաշին ազատել,  կանխելու համար։   
 
Հեղինե Մանուկյան