Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ և գաղտնի մեթոդներ․ նախագիծ
Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող առանձին մարմին (ծառայություն)` վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակով:
 
«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով և նյութատեխնիկական ապահովածությամբ ՀՀ  անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն:

Նախագծով սահմանվում են արտաքին հետախուզական գործունեության նպատակները։

Դրանք են՝ վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը։ 

ՀՀ անվտանգության ոլորտի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նույն քաղաքականության իրականացման ապահովումը։

ՀՀ  արտաքին անվտանգության ապահովմանը, պաշտպանունակությանը, տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական և ռազմաարդյունաբերական առաջընթացին աջակցումը.

Արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև ՀՀ անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը:

Արտաքին հետախուզական գործունեությունը չի կարող իրականացվել սույն օրենքով չնախատեսված նպատակներին հասնելու համար:

Արտաքին հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ և գաղտնի մեթոդներ, ձևեր ու միջոցներ։

Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները հետախուզական գործունեության նպատակին հասնելու համար իրավասու են օգտագործել տեղեկատվական համակարգեր, տեսա-ձայնագրություններ, լուսանկարահանումներ, բաց և փակ կապի տեխնիկական միջոցներ, տեղեկատվության ստացման հրապարակային և ոչ հրապարակային հասանելի աղբյուրներ այդ թվում՝ բաց աղբյուրներից, գործակալական, ռադիոտեխնիկական, տեսապատկերային և այլ հետախուզության արդյունքում ստացված տեղեկատվությունները։

Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով։

Վարչապետի սահմանած կարգով արտաքին հետախուզական տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև պետական այլ մարմիններին։ Արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը համարվում է պետական կամ ծառայողական գաղտնիք, որը պաշտպանվում (պահպանվում), գաղտնազերծվում և արխիվացվում է օենսդրությամբ սահմանված կարգով:

Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատել չափահաս գործունակ անձանց հետ, ովքեր համաձայնություն են տվել ցուցաբերել գաղտնի աջակցություն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին։ Սույն կետում նշված անձանց հետ պայմանագրի կնքման, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, նրանց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակն ու իրականացման կարգը հաստատում է Վարչապետը։

Ծառայությունում պաշտոն կարող է զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) տիրապետում է հայերենին.
 2) իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու Ծառայության ծառայողի պարտականությունները:


 Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև ազգային անվտանգության, զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:

Ծառայությունում ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: 
Առավել մանրամասն՝ հետևյալ հղումով  https://www.e-draft.am/projects/4939/about