Սոչիի հանդիպումից հետո արցախցու համար անիմաստ է Երևանում մասնակցել ռուսասեր ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքին․ արցախցի գործիչ
Հոկտեմբերի 30-ին, ինչպես հայտնի է, Արցախում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որով ողջ արցախահայությունը միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղեց, որ պետք է հաշվի նստել իր ինքնության որոշման անքակտելի իրավունքի իրացման, ինչպես նաև միասնական անխախտ կամքի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարճ ժամանակ անց Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, ոգեշնչվելով այդ իրադարձությունից՝ այսինքն՝ նորից Արցախի խնդրով ռևանշի հասնելու հույսով հուսավառվելով, որոշեց վերակենդանացնել Արցախի փրկության իրենց պայքարը՝ հայտարարություն տարածելով, որ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների նաև Հայաստանի տարածքային ամբողջականության՝ «միասնության» հանրահավաք են հրավիրում։ Հատկանշական է, որ խորհրդարանում երևակայական «վաշինգտոնյան համաձայնագիր» պատռող ընդդիմադիրների ոգևորության վրա բացասաբար չանդրադարձավ անգամ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման հայտարարությունը, որտեղ Արցախի մասին որևէ դրույթ չկար։ 
 
Այսպիսով պարզ դարձավ, որ Կրեմլը չի կարողանում Ադրբեջանին համոզել ընդունել իր առաջարկը։ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հրավիրած հանրահավաքի նպատակները, ըստ հայտարարության, այն է, որ հայ մարդը մասնակցելով ազդարարելու է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ՝ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու: «Նոյեմբերի 5-ին ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը»,- նշված է այնտեղ: 
 
«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ սպասելիք չունի Երևանում անցկացվելիք Արցախի փրկության հերթական հանրահավաքից: «Ես միանշանակ կասկածում եմ այս ուժերի պայքարի անկեղծությանը, չեմ հավատում, որ նրանց նպատակն իսկապես Արցախի փրկությունն է։ Միշտ եմ ասել սրա մասին, հիմա էլ կրկնում եմ՝ ունենք Հայաստանի ամենախայտառակ խորհրդարանական ընդդիմությունը, նույնը վերաբերում է Արցախին»,- նշեց նա։ 
 
Պետրոսյանը համոզված է, որ հանրահավաքը չի կարող օգուտ տալ Արցախի խնդրի լուծմանը: «Այս հարցում օգուտ կարող է տալ միայն Արցախի ինքնաբուխ, միակամ, բազմամարդ հանրահավաքը։ Ընդհանրապես Արցախի ցանկացած մակարդակի հանրահավաք կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան Երևանում որևէ ցույց, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպում դա»,- շեշտեց մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արցախցին աշխարհին ցույց տվեց, որ սուտ է Ալիևի հերյուրանքը, թե Արցախում ընդամենը 20000-30000 մարդ կա:  «Միայն հրապարակում այդ օրը 60-70000 մարդ կար՝ մեկ նպատակով ու կամքով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեր հավաքը հստակ ազդակներ ուներ ու մեծ խաղացողներին խաղաքարտ տվեց՝ Ալիևին վստահորեն հակադարձելու, թե Արցախում այսքան հայ է ապրում»,- նշեց նա։ 
 
Մյուս կողմից, ըստ Պետրոսյանի, «այս հանրահավաքի անիմաստությունն այն է, որ այս խայտառակված, անորակ ընդդիմությունը, հատկապես նրա առաջնորդները, թեև ունեն սատարողներ, բայց Հայաստանի ժողովրդի մեծամասնության կողմից անընդունելի, մերժելի են։ Այդ պատճառով էլ նրանք հաջողության չեն հասնում ու չեն հասնի, բայց դրանով արժեզրկում են Արցախի համար պայքարի իմաստը»։ 
 
«Ես շատ կուզենայի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հեռանային քաղաքական ասպարեզից, որպեսզի ճանապարհ բացվեր նոր ուժերի, նոր որակի ընդդիմության համար, և Հայաստանը առաջ գնար։ Նրանք նույնիսկ իշխանափոխությանն են խանգարում»,- համոզված է արցախցի մեր զրուցակիցը։ 
 
Վերջինս ցանկացավ ընդգծել, որ բնական է համարում, որ ցանկացած քաղաքական ուժ ձգտի իշխանության, պայքարի, բայց իր համար շատ ցավալի է, որ Արցախի հարցն են օգտագործում իշխանության գալու նպատակով։ 
 
«Եթե չեն կարողանում օգնել, գոնե չխանգարեն իրենց քայլերով»,- մտահոգություն հայտնեց Պետրոսյանը և շարունակելով՝ ասաց. «Հիմա Արցախի խնդրի կարգավորման հարցում շատ բան մեզանից կախված չէ։ Մեզանից ուղղակի պահանջվում է չհայտնվել Արևմուտք-ՌԴ շահերի բախման կիզակետում, և հարցը նորից դարձնել Մինսկի խմբի լիազորության ներքո գտնվող հարց»։

Հարցին, թե ընդդիմության հրավիրած հանրահավաքին ինչպես են արձագանքել Արցախում, շատ է մասնակցել ցանկացողների թիվը՝ հաշվի առնելով Սոչիում կայացած հանդիպման արդյունքները, Պետրոսյանն ասաց, որ Երևանի հանրահավաքը այս անգամ Արցախում ինչ-որ լուրջ, դրական արձագանք, ակնկալիքներ չի առաջացրել, իսկ թե ինչու, պարզ է․ «Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Արցախի մեծամասնությունը հիասթափվել է Ռուսաստանից, էլ դրական սպասելիք չունի, իսկ Երևանում հանրահավաք հրավիրող ընդդիմադիրները, հայտնի է, որ ռուսամետ, ռուսասեր ուժեր են, ու քանի որ արցախցին տեսել է Ռուսաստանի դիրքորոշումը, անկարողությունը, անիմաստ է, որ արցախցին գա այդտեղ, պայքարի Արցախի փրկության համար»։  
 
Նրա համոզմամբ՝ եթե արցախցի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը այդքան շատ են մտահոգված Արցախով, թող իրենք գային Արցախ՝ հանրահավաքին, կանգնեին արցախցու կողքին, ինչպես մյուս նախկին նախագահներն էին եկել։ «Ցավալի է․․․ Ես իրենց փոխարեն լինեի, կգայի։ Այս հարցը միայն ինձ չի հետաքրքրում, այլ շատերին։ Գոնե գային, մի քիչ  ինքնամաքրվեին էլի։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, անհերքելի է՝ Արցախի ներկայիս աղետալի վիճակի համար մեղքի իրենց բաժինը ունեն թե´ իմ նշած ղեկավարները, թե´ Ղարաբաղի և Հայաստանի մնացյալ  իշխանությունները, մեկը քիչ, մյուսը՝ շատ, բայց պատասխանատու են բոլորը։ Թող ոչ ոք չարդարանա՝ մեկը մյուսի վրա մեղքը բարդելով։ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ զգում, հասկանում է»,- նկատեց նա։ 
 
Հարցին՝ արդյոք Արցախի ԱԺ-ի հայտարարությունը արտահայտո՞ւմ էր այնտեղ հավաքված արցախցիների կամքը կամ ավելի շուտ նրանց պահանջն ու Արցախի շահե՞րն էր պաշտպանում, Պետրոսյանն այսպես  պատասխանեց. «Ոչ, այսպիսի ուղերձով Ղարաբաղի իշխանությունը չի  պաշտպանում Արցախի շահերը, այլ ավելի շատ ուրիշ շահեր է սպասարկում»: 

«Հանրահավաքից առաջ էլ Արցախի Ազգային ժողովի պահվածքը որևէ լավ բան չէր ներշնչում։ Դրա մասին է վկայում այն, որ Արցախի իշխանությունները հայտարարության տեքստի բովանդակությունը գաղտնի էին պահում ժողովրդին, հրաժարվում էին բացահայտել, որովհետև վախենում էին։ Հարցն այն է, որ «Վալդայ» ակումբում Պուտինի՝ Արցախի մասին մեծ-մեծ հայտարարությունից հետո պետական մակարդակով շշուկներ էին տարածվում, որ Ղարաբաղի հարցն է լուծվում, ժողովուրդը պետք է հավաքվի, ու այդ հույսով մարդիկ նետվել են հրապարակ, բայց արդյունքում ԱԺ-ն ընդունեց խայտառակ վատ հայտարարություն։ Թե´ ելույթներից, թե´ տեքստից երևաց, որ սրանք էլ են խաբվել Պուտինի խոսքերից, որի արդյունքում Մինսկի խմբին միայն թեթև հղում էին տվել՝ պատշաճ չկարևորելով նրա դերը։ Մինչդեռ պետք է շեշտվեր, որ Մինսկի խումբը Արցախի խնդրի լուծման հարցում այլընտրանք չունի։ Սա էր ճիշտ շեշտադրումը, որովհետև սրանով մենք ո´չ  Ռուսաստանին ենք վանում, ո´չ էլ մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին»,- վրդովված նշեց Պետրոսյանը։

Վերջինիս համոզմամբ՝ միայն Մինսկի խմբին վկայակոչելով՝ մենք կխուսափենք միավեկտոր լինելուց, որը նվազեցնում է խնդրով շահագրգիռ մյուս ուժային կենտրոնների դերը և ավելի սահմանափակում մեր հնարավորությունները։ «Միայն այդպես ստիպված չենք լինի կառչել միայն մեկ պետությունից՝ այս դեպքում միայն Ռուսաստանից, որը հիմա պատերազմի մեջ է և բազում խնդիրներ ունի։ Իհարկե, մենք հաշվի առնում ենք, որ այսօր Արցախում ռուս խաղաղապահներն են տեղակայված, սակայն մյուս խաղացողներին անտեսելը ամենասխալ քաղաքականությունն է, որ վարում են այսօրվա Արցախի իշխանությունները»,- ընդգծեց նա։
 
Թամարա Ղազարյան