Բայդենի խորհրդականը գաղտնի բանակցություններ է վարել Պուտինի օգնականի և ՌԴ ԱԽ քարտուղարի հետ միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին. WSJ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ամերիկյան Wall Street Journal թերթը, հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։
Պարբերականի տվյալներով՝ այս զրույցները կայացել են վերջին ամիսների ընթացքում և կոչված էին «նվազեցնելու Ուկրաինայի պատճառով ավելի մասշտաբային հակամարտության ռիսկը և նախազգուշացնելու Մոսկվային միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման անթույլատրելիության մասին»։
«Նպատակն էր նվազեցնել էսկալացիայի ռիսկը և բաց պահել հաղորդակցության ուղիները, ոչ թե քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանները, հաղորդել են պաշտոնյաները»,- միաժամանակ գրում է Wall Street Journal-ը:
Ամերիկյան և ռուսական իշխանությունները հրաժարվել են թերթին պաշտոնական մեկնաբանություններ տալ Ուշակովի և Պատրուշևի հետ Սալիվանի գաղտնի բանակցությունների մասին։