«Պարտադիր չէ լինես կուսակցական, որ քաղաքական թիմի հետ մի ուղղությամբ շարժվես». Հրաչյա Սարգսյան
«Պարտադիր չէ լինես կուսակցական, որ քաղաքական թիմի հետ մի ուղղությամբ շարժվես առաջ ու խնդիրները լուծես»,- ի պատասխան հարցի՝ ի՞նչն է պատճառը, որ իշխող ուժը քաղաքապետի պաշտոնում նախընտրություն չտվեց Ձեր թեկնածությանը, ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ այն փորձը, որ այս տարիներին ինքը ձեռք է բերել, ու այն փորձը, որ մինչ այդ ունեցել է տարբեր ոլորտներում, հնարավորություն կտան ի նպաստ Հայաստանի Հանրապետության օգտագործել: 

Անդրադառնալով Աբովյան փողոցի մի շինության ճակատագրին առնչվող սեփականատիրոջ բողոքին, թե քաղաքապետարանից համոզիչ պատասխան չի ստացել այն մոնտաժելու կապակցությամբ, քաղաքապետը հակադարձեց, որ դա այնքան էլ այդպես չէ. «Նոր եմ վերադարձել արձակուրդից, մյուս շաբաթ կհանդիպենք, այս հարցը ևս կքննարկենք, կհասկանանք, թե այդ խնդիրն ինչպես կարելի է լուծել: Ասեմ, որ քաղաքապետարանի հարցին պատասխան եղել է, բայց նրա բովանդակությունը չի բավարարել շինարարին»: 

Սարգսյանը նկատեց, որ համանման խնդիրներ էլի կան, ընդ որում՝ նույն Աբովյան փողոցում, և դրանք չենք կարող թողնել չլուծված, ինչ-որ լուծում պարտադիր պետք է տրվի. «Պատասխանատվություն չվերցնելը և չլուծելը տանում է անկայունության բոլոր ոլորտներում: Դեռ չգիտեմ՝ ոնց ենք անելու. դա քանդելո՞ւ ենք: Պետք է նորից տեսնենք փորձաքննության արդյունքները, անվտանգությունը ապահովվելո՞ւ է, թե՞ չի ապահովվելու, ներկայացված փաստաթղթերը, կքննարկենք և որոշում կընդունենք. դրա մասին լրացուցիչ կասենք»,- ընդգծեց նա: