Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, դրանք կվարի՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, ինչպես նախկինում, բաց ենք բանակցությունների համար: Մենք երբեք չենք հրաժարվել դրանցից, պատրաստ ենք դրանք վարել՝ իհարկե, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ընթացիկ պահին ստեղծվում են»,- ասել է նա։
Միաժամանակ Զախարովան քննադատել է պաշտոնական Բեռլինին՝ ասելով, որ Գերմանիան, Ուկրաինային բանակցությունների մղելու փոխարեն, նրան զենք է մատակարարում։
«Փոխարենն այն բանի, որ օգտագործի իր ազդեցությունը կիևյան ռեժիմի վրա, գերմանական կողմը, ի հեճուկս սեփական օրենքների և կանոնների, որոնցով արգելվում է մահաբեր զենքի արտահանումը ճգնաժամային տարածաշրջաններ և զինված հակամարտությունների գոտիներ, շարունակում է Կիևի ռեժիմը լցնել սպառազինության տարբեր համակարգերով՝ դրանով իսկ նրան խրախուսելով ամեն գնով շարունակել ռազմական գործողությունները»,- հավելել է նա։