2010 թ-ին ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա. ուղիղ
Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ. հաստատվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել ոստիկանության բաժին անօրինական բերման ենթարկված Խալաֆյանին, խախտվել են կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքները, իսկ «հենց քննության առաջին օրը առանց հիմնավորման ընդունվել է ոստիկանության բաժնում ինքնասպանության վարկածը», որը հետագայում կասկածի տակ չի առնվել»։
Ըստ Ազատություն ռ/կ-ի, ՄԻԵԴ-ը նկատել է, որ Խալաֆյանի մահվան վարկածն ամբողջովին կառուցվել է ոստիկանության 2 ծառայողների պատմածի հիման վրա, թեև նույն ոստիկանները ներգրավված են եղել միջադեպին և, ըստ դատարանի, «չեն կարող համարվել անաչառ վկաներ»։
«Իշխանությունների կողմից ոչ մի կարևորություն չի տրվել սուտ և ապակողմնորոշիչ ցուցմունքների փաստին։ Նշված հակասությունները ճշտելու իրական փորձեր նույնպես չեն արվել», - գրված է վճռում։
2010 թվականին գողության կասկածանքով 24-ամյա Վահան Խալաֆյանը տարվել էր Չարենցավանի ոստիկանության բաժին, որտեղ չի տվել ինքնախոստովանական ցուցմունք, ինչից հետո նրա նկատմամբ սկսել են բռնություն կիրառել։
Ըստ պաշտոնական վարկածի՝ բերման ենթարկվելուց կարճ ժամանակ անց Խալաֆյանը, ոստիկանական սենյակի պահարանից վայրկյանների ընթացքում վերցրել է խոհանոցային դանակը, բարձրացրել վերնահագուստը, իջեցրել տաբատը ու 2 անգամ հարվածել է իր որովայնին, ինչից հետո ընկել է հատակին։ Տեղում փորձել են ցուցաբերել օգնություն, կանչել են շտապօգնություն, 40 րոպե անց նա հիվանդանոցում մահացել է։
Դատարանը մեղավոր էր ճանաչել 2 ոստիկանի՝ լիազորությունները գերազանցելու հոդվածով, ընդ որում՝ նրանցից մեկը պայմանական է ազատազրկվել։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը քննության չի ընդունել։