Ադրբեջանն ու Ռուսաստանն իրագործում են 7,5 մլրդ դոլարի համատեղ նախագծեր
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս իրագործում են 14 համատեղ նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը 7,5 մլրդ դոլար է, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերը զարգանում են ոչ միայն պետությունների ղեկավարների մակարդակով, այլև տարածաշրջանների փոխգործակցության մակարդակով։ Ռուսական բիզնեսն այժմ մասնակցում է 14 խոշոր նախագծերի, որոնց ընդհանուր արժեքը գրեթե 7,5 մլրդ դոլար է: Ադրբեջանում ստեղծվում են ավտոմոբիլային և երկաթուղային մեքենաշինության նախագծեր, բացվում է առաջին դեղագործական արտադրությունը։ Եվ այս ամենը տեխնոլոգիայի և ռուս գործընկերների փորձի կիրառմամբ»,- ասել է Վոլվաչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ավելի քան 70 տարածաշրջաններ համագործակցում են Ադրբեջանի հետ։ Նրանց մեկ քառորդն արդեն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության պայմանագրեր։ Միջտարածաշրջանային ապրանքաշրջանառության առաջատարներն են Մոսկվան, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Մոսկվայի և Սվերդլովսկի մարզերը:
Առևտրային գործընկերների տասնյակում են Թաթարստանի Հանրապետությունը, Վոլգոգրադի ու Սարատովի մարզերը և Սանկտ Պետերբուրգ քաղաքը։