«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Սյունիքում իր ՀԷԿ-ի կառուցման նախագիծն արդեն 2-րդ անգամ չի ներկայացրել ՀԾԿՀ, լիցենզիան կասեցվել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին պատկանող «Ջիմել» ՍՊԸ-ն, որը դեռևս 2020թ. հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա էր ստացել՝ փոքր ՀԷԿ-ի կառուցման և էլեկտրաէներգիա արտադրելու համար, մինչ օրս հանձնաժողովին չի ներկայացրել կառուցման նախագիծը։ 

«Ջիմել» ՍՊԸ-ն գրանցված է Սյունիքի մարզի Կապան համայնքում, 50 տոկոս մասնաբաժինը պատկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Յուրի Աբրահամի Ջիլավյանին։ Յուրի Ջիլավյանը բարերար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնած՝ «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» տնօրենն է եղել, իսկ ներկայումս Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է։ Նրա որդին՝ Վահե Ջիլավյանը, զբաղեցրել է մի շարք պաշտոններ. իշխանափոխությունից առաջ Սփյուռքի նախարարի տեղակալն էր, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, իսկ հեղափոխությունից հետո ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդականն էր՝ այս պաշտոնից ազատվել է 2020թ.-ին։ 

ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը Civic.am-ին տեղեկացրել էր, որ «Ջիմել» ՍՊԸ-ին ՀԷԿ-ի շահագործման լիցենզիան տրվել է մինչև 2038թ. հուլիսի 2-ը, սակայն կառուցման ժամանակահատվածը սահմանված է մինչև 2023թ. հուլիսի 2-ը: «Մինչև 2023թ. հուլիսը իրենք պետք է կառուցեն ՀԷԿ-ը, որպեսզի հետո անցնեն արտադրության փուլ»,- նշել էր նա։

«Ջիմել» ՍՊԸ-ն համարվում է կառուցման փուլում գտնվող փոքր ՀԷԿ, որը պետք է կառուցվի Գեղի գետի Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարի վրա։ Տարեկան արտադրելու է 1,6 մլն կվտժ էներգիա, ներդրումների ծավալն առանց ԱԱՀ կազմելու է 118.1 մլն դրամ։

Սակայն 2022թ. հունիսին կասեցվել է «Ջիմել» ՍՊԸ-ի լիցենզիան։ ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանի խոսքով՝ «Ջիմել» ընկերությունը պետք է մինչև 2021թ. փետրվարի 2-ը հանձնաժողով ներկայացներ Կայանի կառուցման՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծ՝ դրական փորձագիտական եզրակացություններով, ինչը չի կատարել. «Այդ ժամանակ նախագիծը ներկայացնելու ժամկետը, ըստ կարգի, համարվել է ավտոմատ երկարաձգված մինչև 2021թ. սեպտեմբերի 2-ը, սակայն «Ջիմել» ՍՊԸ-ն այդ ժամանակահատվածում էլ չի ներկայացրել նախագիծը։ Դրանից հետո նախագիծը ներկայացնելու ժամկետը համարվել է 2-րդ անգամ երկարաձգված, և մինչև 2022թ. ապրիլի 2-ը պետք է ներկայացներ, սակայն այդ ընթացքում ևս չի ներկայացվել»։ 

Լիանա Ազիզյանը նշեց, որ ընկերության լիցենզիան կասեցվել է՝ մինչև կասեցման պատճառի վերացումը։ Այսինքն՝ եթե ընկերությունը մինչև 2023թ. հուլիս պետք է կառուցի ՀԷԿ-ը, ապա մինչ այդ պետք է ներկայացնի կառուցման նախագիծը, հակառակ պարագայում ՀԷԿ-ի կառուցման համար բաժնետերերի երաշխավորած՝ սառեցրած գումարը կգնա պետբյուջե։  

 «Ջիմել» ՍՊԸ-ի տնօրենը ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունեցող պատգամավորի՝ Աննա Գրիգորյանի ամուսինն է՝ Դավիթ Մելիքյանը։ Դավիթ Մելիքյանը սնանկ է ճանաչվել դեռևս 2018թ.՝ թերևս հարկերից խուսափելու նպատակով (իրեն պատկանող՝ «Lincoln Town Car 2.5» մակնիշի և «Range Rover Classic 4.2I» մակնիշի) ավտոմեքենաների գույքահարկը չմուծելու և Երևան համայնքի հանդեպ 3.065.786 ՀՀ դրամ պարտավորություն ունենալու համար: Ի դեպ՝ պարտապանը Դավիթ Մելիքյանը, չէր բողոքարկել իրեն սնանկ ճանաչած դատավոր Արշակ Պետրոսյանի կայացրած վճիռը։

Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանը պատգամավորի մանդատն առաջին անգամ վերցրել էր դեռևս 2020թ. դեկտեմբերին՝ «Իմ քայլը» խմբակցության ցուցակով, սակայն 2021թ. հունվարին դուրս էր եկել իշխող «Իմ քայլից» ու հանդես էր գալիս որպես անկախ պատգամավոր։ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին Աննա Գրիգորյանն արդեն «Հայաստան» դաշինքի ցուցակով վերցրեց պատգամավորի մանդատը՝ որպես «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ։ Իսկ այսօր՝ նոյեմբերի 23-ին, պատգամավոր Աննա Գրիգորյանը հաստատեց  այս անգամ էլ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու փաստը։  

Նարա Մարտիրոսյան

Լուսանկարում՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն է, և դպրոցի փոխտնօրեն Յուրի Ջիլավյանը։