«Սա միայն սկիզբն է. Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսելու Սիրիայում և Իրաքում». Էրդողան
Թուրքիան ցամաքային հակաահաբեկչական գործողություն կսկսի երկրի համար ամենաճիշտ պահին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ այսօր ելույթ ունենալով Անկարայում իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, փոխանցում է Anadolu-ն։

«Հակաահաբեկչական գործողությունները ռազմաօդային ուժերի, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների մասնակցությամբ միայն սկիզբն են»,- ընդգծել է նա։ 

Թուրքիայի նախագահը Սիրիային և Իրաքին կոչ է արել չանհանգստանալ թուրքական բանակի հակաահաբեկչական գործողություններից։ «Անկարան հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի միակ նպատակը պետության և բնակչության անվտանգությունն է»,- ընդգծել է նա։ 

 Էրդողանը շեշտել է, որ Անկարայի վրա ճնշումների իրական պատճառը Թուրքիայի դիրքերի ամրապնդումն է՝ որպես տարածաշրջանային առաջնորդ։ «ԵՄ անդամակցության բանակցություններում մենք բախվել ենք կանխակալության։ Նույնը տեղի ունեցավ նաև Թուրքիայի մասնակցությամբ F-35 ծրագրի ճգնաժամի ժամանակ։ Մենք ականատեսը եղանք նաև երկակի ստանդարտների Թուրքիայի տարածքից ՀՕՊ-երը հետ կանչելու պահին, Կիպրոսի շուրջ երկխոսության ընթացքում, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները՝ օպերատիվ հետաքննության և պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր մասնակից են ահաբեկչություններին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ հետաքննությունը բացահայտել է թուրքական մեգապոլիսում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին՝ Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին (PKK ահաբեկիչների սիրիական թևը)։ 

Նրա խոսքով՝ առանձին երկրների հավաստիացումները՝ իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից Թուրքիայի դեմ սպառնալիքի անթույլատրելիության մասին, այդպես էլ մնում են միայն խոսք։ «Թուրքիայի յուրաքանչյուր հայտարարություն հիմնված է անվիճելի իրողությունների վրա և ունի հստակ պատճառ։ Եթե Սիրիայի հարցում պայմանավորված կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները (սահմանամերձ տարածքները ահաբեկիչներից մաքրելու), ապա Թուրքիան իրեն իրավունք է վերապահում իր ուժերով հեռացնելու ազգային անվտանգության սպառնալիքները»,- ընդգծել է Էրդողանը։