Արցախի ԱԺ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները բնակչությանը ներկայացնում են Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են սկսել շրջանների բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, տեղում առկա հրատապ խնդիրներին ծանոթանալու և բնակչությանը հուզող հարցերին պատասխանելու նպատակով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հունվարի 4-ին Արցախի ԱԺ  «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և պետական նախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել են Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Դրմբոն, Կոճողոտ և ենթաշրջանի մի շարք այլ համայնքների բնակչության հետ:

«Մենք տարեվերջին որոշել էինք իրականացնել այս այցելությունները, համայնքներում ներկայացնել ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները, ինչպես նաև լսելու  նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք առաջացել են շրջափակման հետևանքով: Այս  ընթացքում նաև բավականին հարցեր են կուտակվել, որոնց անհրաժեշտ է պատասխանել: Հետադարձ կապի միջոցով մենք բնակչությունից ստանում ենք նաև այն հարցերը, որոնք հրատապ լուծումներ են պահանջում»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Հարությունյանը՝ հայտնելով, որ առաջիկա օրերին  Արցախի շրջանների համայնքների բնակչության հետ այս հանդիպումները շարունակական են լինելու:

Հանդիպումների ընթացքում Արցախի Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախը  Հայաստանի և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Համայնքների բնակիչները բարձրաձայնել են անվտանգությանը, հիվանդներին տեղափոխելու համար վառելանյութ տրամադրելու և ապաշրջափակման բանակցություններին վերաբերող հարցեր:

ԱԺ պատգամավորները  առկա խնդիրների լուծման գործում  կարևորել են միասնությունն ու համերաշխությունը՝  հավաստիացնելով նաև, որ Արցախում առկա են առաջին անհրաժեշտության որոշ տեսակի պարենամթերքի պաշարներ, որոնք շրջափակման շարունակության դեպքում  կբավականացնեն տևական ժամանակ:

Պատգամավոր Դավիթ Մելքումյանն էլ անդրադարձել է շրջափակման վերաբերյալ այս օրերի ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին, որոնց նպատակը Արցախում խուճապ սերմանելն է:


«Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահների,  այս պահին լայնածավալ պատերազմի հավանականությունը նվազեցնող միակ գործոնն է»,-շեշտել է Արթուր Հարությունյանը:

Պետնախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանն էլ անդրադարձել է պարենային ապրանքների և վառելանյութի առկա պաշարներին վերաբերող  հարցերին:

«Տարիներ առաջ պետական որոշակի պահուստ ձևավորվել էր, բայց երկար պահպանման մթերքի՝ մասնավորապես ալյուր, պահածոներ, ցորեն, մոտ 9 անուն ապրանք: Դրանք առկա են և սոված, ամեն դեպքում, չենք մնալու: Սահմանափակ է բենզինի ու դիզվառելիքի ծավալը: Երբ ստեղծվեց օպերատիվ շտաբը, առաջին հերթին գույքագրվեցին դրանց առկա ծավալները և վերահսկողություն սահմանվեց, ըստ որի՝ դրանք ուղղվում են  հատուկ ծառայությունների աշխատանքի կազմակերպմանը՝ շտապօգնություն, փրկարար ծառայություն և այլն»,- մանրամասնել է Գրիգորի Մարտիրոսյանը՝  ընդգծելով առկա պաշարների խնայողական օգտագործման անհրաժեշտությունը:
Այնուհետև հանդիպումները շարունակվել են Դրմբոն, Կոճողոտ և ենթաշրջանի մի շարք այլ համայնքներում, որոնց ընթացքում երկուստեք պահանջված և անհրաժեշտ են համարվել նման քննարկումները՝ ստեղծված իրավիճակը համախումբ ուժերով հաղթահարելու համար: