«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուրեմն, Բարձրագույն դատական խորհուրդը, որի ղեկավար 2022-ին ընտրվեց Կարեն Անդրեասյանը, 2022 թվականի դեկտեմբերի 26-ին դռնփակ նիստում 9 կողմ 0 դեմ ձայներով որոշեց այլոց թվում վերաքննիչ քրեական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին:
Սա այն դատավորն է, ով 2016թ. օգոստոսի 2-ին, ակնհայտ շինծու մեղադրանքով՝ սերժանոցից իջեցված հրահանգով Սարի թաղի գործով ինձ կալանավորելու որոշում կայացրեց:
Իմ պաշտպան Սեդա Սաֆարյանի կողմից իմ կալանքի վճիռը բողոքարկվեց բոլոր ատյաններում, ու ի վերջո, Protection of Rights without Borders /«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության անդամներ Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Հասմիկ Հարությունյանի կազմած հայցի հիման վրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ էլ ի վերջո այս գործը շահեցի: Ապա դիմեցի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ այս օրինազանց դատավոր Աննա Մաթեւոսյանի, ապաեւ նրա որոշումը ուժի մեջ թողած վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների /որոնց թվում նաեւ տխրահռչակ Ա.Ազարյանի/ հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու հայցով: Սակայն էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ իր նախագահ Սերգեյ Մարաբյանի գլխավորությամբ մերժեց իմ հայցի բավարարումը, քանի որ որեւէ խախտում նշածս դատավորների կողմից չգտավ: Դա այն դեպքում, կրկնեմ, որ սրանց թխած՝ իմ կալանավորման որոշումը փլուզվեց Եվրոդատարանում:
Հիմա ես ուզում եմ հարց ուղղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին. երբ դատավորներին ընդգրկում եք առաջխաղացման ցուցակում՝ քաղհասարակությանը, քաղաքական ուժերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցնո՞ւմ եք, թե ինչ են իրենցից ներկայացնում թեկնածուները: Վեթինգ արե՞լ եք: Այս մեկին հո ես գիտեմ, այն էլ իր կատարած մեկ ապօրինի վճռի մասով, բա մնացած շատ-շատերի՞ն, որ ես չեմ ճանաչում, բայց քաղհասարակության մասնագիտական հանրությունը հո լավ է ճանաչում: Կամ լավ, երբ ուզում եք առաջ տանել, գոնե նայո՞ւմ եք Եվրադատարանում պարտված գործեր ունեն, թե՞ չէ: Թե՞ ձեր ներհամակարգային «մեժդուսոբոյչիկ»-ը լիովին բավարար եք համարում: Մեզ պետք է նախկինների ձեւավորած դատաիրավական սպռուտի վերացում, այլ ոչ թե այն նոր սպռուտով փոխարինում:
Նիկոլ Փաշինյաննը դեռ 2019թ.-ին հայտարարում, էր որ Եվրադատարանում գործեր պարտված դատավորները պետք է դուրս բերվեն համակարգից: Դուք հակառակը՝ առաջ եք ուզում նրանց մղել: Էն 40 կոռումպացված դատավորները, ում պետք է հեռացնեիք համակարգից ի՞նչ եղան: Չլինի՞ թե մտքափոխ եք եղել ու որոշել եք հեռացնելու փոխարեն առաջ տանել:
Այ քեզ դատաիրավական բարեփոխումներ: