«Իրավական լրագրություն և հետաքննություն» ըստ Սաթիկ Սեյրանյանի ու Գոհար Սավզյանի․ Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը
 
Գրեթե 8 օր «դարանակալած» սպասեցի, թե հունվարի 17-ին Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի 168.ամ կայքի լրագրող Գոհար Սավզյանն ուր է տանելու Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեության վերջին օրերի գործերի «հետաքննության» վերաբերյալ իր հոդվածաշարով։ Անչափ կարևոր էր դիտարկել, հասկանալ կայքի խմբագրական (հասկանալ՝ քաղաքական) և լրագրողի մտքի ու «բացահայտումների» ընթացքն ու թռիչքը, որպեսզի հանրությանը ներկայացվի ընդդիմադիր դաշտի առաջամարտիկներից հանդիսացող այս կայքի բազմամյա լրագրողի պրոֆեսիոնալիզմի բոլոր էվերեստներն ու մարիանյան իջվածքները ողջ հմայքով ու խորությամբ։

Եվ, այսպես, առայժմ երկու մասից (երկրորդ մասը հրապարակվել է հունվարի 26-ին) բաղկացած հոդվածաշարում լրագրող-հետաքննիչ տիկինը խոսել է նրա մասին, թե իբրև Սեդա Սաֆարյանը, Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց հետո, երբ այլևս իրավունք չուներ հանդես գալ որպես փաստաբան, նախկինում իր ստանձնած գործերից մեկով վերաքննիչ բողոք է ներկայացրել, մինչդեռ մի շարք առանցքային օրենքներ արգելում են դա անել։ Այնուհետև երկու մասից բաղկացած շարքում նա թվարկել է նշված օրենքների դրույթները՝ ավելի «ահասարսուռ» դարձնելու համար ՍԴ դատավորի կատարած «կոպտագույն խախտումը» և ընթերցողի միտքը տանելու դեպի դատավորի հանդեպ կարգապահական վարույթի հարուցում, որտեղ էլ թվարկել է, թե ինչ է «սահմանված» նման դեպքերում․․․ Արդեն հասկացաք, թե ուր է տանում մտքի ընթացքը, և ինչի համար է տիկինը սկսել այս շարքը․․․ Առաջին մասում Գոհար Սավզյանը թվացյալ «անվստահ» է շարադրել «խախտումը», իսկ երկրորդ մասում էլ «տեսաք, որ ասում էի, ճիշտ էի» տրամաբանությամբ «հաստատված» է համարում խախտումը․․․ 
Բայց, դեհ, սարերից մարդ չկա․․․․
Օրենքների մեկնաբանության առումով տիկինը ճիշտ է։ Բայց, ա՛յ, արդյո՞ք մնացյալում նրա մոտ ազնվությունն է պակասել, թե՞ լրագրողական-հետաքննական պրոֆեսիոնալիզմը, թե՞ նրա «աղբյուրները» տեղեկությունն ամբողջական չեն տրամադրել, այս հարցերի պատասխանները ստույգ կիմանա միայն ինքը։ Իսկ այդ հատվածում փաստերի կատարյալ շահարկում ու խաղարկում է (մանիպուլյացիա ու սպեկուլյացիա), որն իմ կարծիքով ու գնահատողական դատողությամբ անգամ զրպարտության տարրեր է պարունակում․․․ 
Լինելով Սեդա Սաֆարյանի արյունակցական հարազատը՝ չեմ կարող նրա անունից հայտարարել, թե արդյոք նա փաստերի ակնհայտ խեղաթյուրման ու մանիպուլացման, այդ ամենի հիման վրա զրպարտության երանգներ տվող եզրահանգումների համար ընդդեմ լրատվամիջոցի կամ հոդվածագրի դատական հայց կներկայացնի, թե ոչ․․․ Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Բայց, այ, հեղինակի կողմից հանրությունից խնամքով թաքցվող գործի մանրամասների ու Սեդա Սաֆարյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու կապակցությամբ բավարար տեղեկատվության տիրապետում եմ ներքոնշյալը գրելու և գրված անհեթեթությունը հերքելու համար։
Եվ, այսպես, որքանո՞վ են գիտակցված լրատվամիջոցի մանիպուլյացիաները:
Հոդվածների հեղինակ տիկին Գոհար Սավզյանը Սեդա Սաֆարյանի՝ դատավոր «նշանակվելու» փաստը բավական հնարամտորեն է մատուցել՝ գալով «հեռվից»՝ 2022թ. սեպտեմբերի 15-ից։ Դա այն օրն է, երբ ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածությունը քննարկվում էր Ազգային ժողովում, և խորհրդարանն իր միաձայն քվեարկությամբ հաստատեց այն։ Բայց հատկապես հասարակության չիմացող կամ օրենսդրության նրբություններին չտիրապետող հատվածի ուշադրությունը հրավիրեմ ընդգծված կերպով․ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր չի համարվում այն օրվանից, երբ նրան Կառավարության նիստում առաջադրել են կամ ԱԺ-ում հաստատել նրա թեկնածությունը, այն է՝ սեպտեմբերի 15-ից։ Կոպիտ ասած՝ այդ օրն ընդամենը Ազգային ժողովն իր քվեարկությամբ հավանություն է տվել Կառավարության կողմից նրա թեկնածության առաջադրմանը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը։ Սեդա Սաֆարյանը պաշտոնապես համարվում է լիազորությունները ստանձնած ՍԴ դատավոր դեկտեմբերի 16-ից, երբ կրկին Ազգային ժողովում նա և իր նորանշանակ գործընկերը ՍԴ դատավորի երդում տվեցին։ Գոհար Սավզյանը երկու ժամկետն էլ նշում է, իհարկե, ուղիղ չի ասում, թե Սեդա Սաֆարյանի լիազորությունները դատավորի պաշտոնում սկսվում են սեպտեմբերի 15-ից, քանի որ ինքն էլ քաջ գիտի, որ դա այդպես չէ։ Բայց իր «պատումն» այնպես է շարադրում, որ ընթերցողի մոտ ամրագրվի նաև սեպտեմբերի 15-ը, իբրև թե անհրաժեշտ ու ներկայացված «խախտման» հետ կապ ունեցող օրացուցային օր, իբրև թե Սեդա Սաֆարյանը կանխավ գիտեր, որ ինքը գնում էր դեպի ՍԴ դատավորի աթոռը, և որ իր փաստաբանական լիազորությունները գնալով «մարում» էին․․․ Այդ օրվա «անմեղ ամրագրումն» ընթերցողի հիշողության մեջ նպատակ ունի թուլացնելու դատավորի պարտականությունները ստանձնելու իրական օրվա՝ դեկտեմբերի 16-ի ազդեցությունը, քանի որ այդ ժամկետից է, երբ Սեդա Սաֆարյանն այլևս փաստաբան չէ, այլ դատավոր է, իսկ Վերաքննիչ դատարան բողոքը ներկայացրել է դրանից առաջ, որը լրագրողը փորձում է հնարքներով «տեղափոխել» դեկտեմբերի 28՝ իբրև ՍԴ դատավորի կարգավիճակով Վերաքննիչ դատարան մուտք արված «նոր գործ»․․․ Դեհ, իհարկե, ինչպես կռահում եք շարադրանքից, ոչինչ այդպես չէ, ինչպես առկա է կեղծիքներով, մանիպուլյացիաներով լեցուն այդ շարադրանքից, և որ ամենակարևորն է՝ վերաքննիչ բողոքի վարույթի գործը «նոր չէ», դեկտեմբերի 28-ի չէ․․․․      
Իսկ փաստը, որ ոչ ոք չի կարող շրջանցել, այն է, որ Սեդա Սաֆարյանը օրենքի տառին համապատասխան ՍԴ դատավոր է համարվում ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ից՝ երդման պահից սկսած, երբ նույն օրն էլ մուտք է գործել ՀՀ Սահմանադրական դատարան։
Եվ, ահա, մինչ այդ օրը, ինչպես և կհասկանա յուրաքանչյուր բանական մարդ, Սեդա Սաֆարյանը զբաղված է եղել իր անավարտ գործերը կա՛մ գործընկեր փաստաբաններին փոխանցելով, կա՛մ վերջին գանգատներն ու բողոքները դատական ատյաններ ուղարկելով՝ ունենալով փաստաբանական գործունեություն ծավալելու բոլոր օրինական հիմքերը․․․ Ըստ որում, մինչ դատավորի պարտականությունները՝ Սահմանադրությամբ նշված եղանակով ստանձնելու օրը, նա Փաստաբանների պալատին է ներկայացրել իր արտոնագրի կասեցման դիմումը․․․ Այստեղ Գոհար Սավզյանը չի էլ հասկանում, թե ինչ է արել իր հոդվածաշարի երկրորդ մասում և տպագրում է Փաստաբանների պալատին ուղարկված իրենց հարցման պատասխանը։ Ահավասիկ, վայելեք այն․ «168.am-ը դիմել էր Փաստաբանների պալատ՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք ՍԴ դատավոր դառնալուց հետո Սեդա Սաֆարյանը կասեցրել է իր արտոնագիրը: Պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը մեզ պատասխանեց. Սեդա Սաֆարյանի արտոնագիրը ՍԴ դատավոր դառնալուց հետո կասեցվել է սահմանված ժամկետում»։ Այսպիսով, գիտակցված թե չգիտակցված, անգամ 168 ժամում է սպրդել այն փաստը, որ Սեդա Սաֆարյանի արտոնագիրը ՍԴ դատավոր դառնալուց հետո կասեցվել է սահմանված ժամկետում, ինչը և վերևում գրել ենք, որը և ապացուցում է հենց 168 ժամ կայքը։ 
Ու քանի որ, ըստ Փաստաբանների պալատի, Սեդա Սաֆարյանը տեսականորեն մինչև դեկտեմբերի 15-ը կարող էր հանդիսանալ գործող փաստաբան, նա դեկտեմբերի 5-ին Վերաքննիչ բողոք է ուղարկում Վերաքննիչ դատարան մի գործով, որի մասին հանրությունը չափազանց լավ գիտի, բայց լրագրողը երկու մասում էլ խնամքով շրջանցել է, թե դա ինչ գործ է ու ինչի մասին է․․․ 
Հոդվածի ավարտին կբացենք փակագծերը, որովհետև «խորհրդավոր» քրեական գործն ու դրան ՀՀ դատական համակարգի առնչությունները բավական էական են լրագրողի կողմից գործի բովանդակությունը խնամքով «շրջանցելու» ու միգուցե նաև ինչ-ինչ եղանակներով ու ինչ-ինչ աղբյուրներից փաստաբան Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքի տեսապատճենված էջի կամ ամբողջական բողոքի՝ լրագրողի տրամադրության տակ հայտնվելու պատճառներից մեկը հասկանալու համար։ Միգուցե հնարավոր է ասել ավելին՝ դա էական է դատական ու այլ համակարգերում (քննչական, ոստիկանական, դատախազական) այդ գործի ընթացքի հետ կապված անհանգիստ շարժումները հասկանալու համար․․․ 
Եվ, այսպես, Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոքն ուղարկում է մի օր, երբ նա ՍԴ դատավոր չէր համարվում ու գործող փաստաբան էր, և այստեղ փաստերն անողոք են՝ ինչպիսի մանիպուլյացիաներ էլ որ արվեն նյութում մի քանի օրեր անմեղ դեմքով շրջանառության մեջ դնելով ու «հավաստիության պատրանք» ստեղծելով։  
Քանի որ ակնարկեցինք ինչ-ինչ եղանակներով, ինչ-ինչ աղբյուրներից ու ինչ-ինչ մարդկանց ձեռքերում վերաքննիչ բողոքի տեսապատճեն հայտնվելու մասին, մի պահ հեռանանք լրագրողի սեփական «պատումից» ու անցնենք վերաքննիչ դատարանի հետ կապված տարօրինակություններին․ Վերաքննիչ դատարանում ստանում են փաստաբան Սեդա Սաֆարյանի դեկտեմբերի 5-ով թվագրված վերաքննիչ բողոքն ու լրամշակման նպատակով հետ վերադարձնում, որպեսզի մեկ տեխնիկական բնույթի թերություն շտկվի։ 
Հայաստանի բոլոր իրավաբանները, այդ թվում՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողներն անգիր գիտեն, որ դատարանների կողմից ինչպիսի պատճառաբանությամբ էլ որ վերադարձվեն բողոքները կամ հայցադիմումները, դատարանի որոշումներում պարտադիր նշվում է, որ «նկատված» թերությունները (որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են եղել ու լինում, օրինակ, ընդդեմ Սաթիկ Սեյրանյանի իմ հայցադիմումը մեկ անգամ դատավոր Արմենուհի Բադիրյանը վերադարձրել է նրա հայրանունը չնշելու հիմնավորմամբ, կամ նույն կերպ վերադարձվել է Սաթիկ Սեյրանյանի, Մարինա Խաչատրյանի շահերի ներկայացուցիչների հայցադիմումները, բողոքները նմանատիպ ֆորմալիստական պահանջներ չպահպանելու համար) վերացնելու ու դատարան վերադարձնելու դեպքում հայցադիմումի կամ բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին ժամկետը։ Սա դատական պրակտիկայում ընդունված ոսկյա կանոն է։ 
Այսինքն Վերաքննիչ դատարանի կողմից փաստաբան Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքի հետ վերադարձի դեպքում այդպիսի ժամկետ, միևնույն է, համարվել ու համարվելու է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ը։ Որպեսզի Գոհար Սավզյանը  հանրությանը ցնցի ՍԴ դատավորի կողմից «կոպիտ խախտման» աշխարհացունց եզրակացությամբ՝ ընթերցողին ու հանրությանը չներկայացնելով, նա այստեղ էլ խնամքով թաքցնում է, որ գործի դատարան մուտք լինելու ժամկետը դեկտեմբերի 5-ն է, ու որպես «նոր գործ» ներկայացնում է դեկտեմբերի 28-ը, երբ Սեդա Սաֆարյանն արդեն ՍԴ դատավոր է։ Եվ մուտքագրվում է կեղծիք-եզրահանգումը․ «Փաստաբանների պալատից հաստատում են՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը որպես փաստաբան է հանդես եկել կասեցված արտոնագրով», և «Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը, վերազանցել իր լիազորությունները, կատարել ՍԴ դատավորի վարքագծի կոպտագույն խախտում:»
Ուշադրություն դարձրեք, որ հենց Գոհար Սավզյանի հոդվածում իր իսկ ձեռամբ գրվել էր, որ Փաստաբանների պալատը ոչ թե հաստատել է, որ «Սեդա Սաֆարյանը որպես փաստաբան է հանդես եկել կասեցված արտոնագրով», այլ հաստատել է, որ «Սեդա Սաֆարյանի արտոնագիրը ՍԴ դատավոր դառնալուց հետո կասեցվել է սահմանված ժամկետում»։ Զգացի՞ք լրագրողական հնարամտության ու էթիկայի մարիանյան իջվածքի խորությունը․․․ Մենք ընդամենը մեջբերել ենք երեք նախադասություն, որոնք միմյանց հետ չեն «բռնում», և բոլորի հեղինակը Գոհար Սավզյանն է․․․  Տեսանելիորեն նրան նման «մանրուքները» չեն հետաքրքրում․․․․
Նա հրապարակում է դատարան վերստին ներկայացված վերաքննիչ բողոքի վերջին էջը, դրա ժամկետով, որպեսզի դեկտեմբերի 28-ով, որպես «նոր գործի» մուտքագրման օր, ապացուցի իր ողբերգական «հետաքննության» «հավաստիությունը»․․․․ 
Լրագրողը չի՞ իմացել, որ վերաքննիչ բողոքը դատարան մուտքագրված է համարվում դեկտեմբերի 5-ով, այլ ոչ թե դեկտեմբերի 28-ով․․․ Դժվար թե․․․ Եթե Գոհար Սավզյանն ունի այնպիսի աղբյուր, որը նրան տրամադրում է լրացված ու դատարան վերադարձված բողոքի մեկ էջը կամ միգուցե բողոքի ամբողջական տարբերակը, դժվար թե աղբյուրը նրան ասած չլիներ, որ դա նոր գործ չէ՝ ներկայացված դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից, այլ հին գործ՝ ներկայացված դեռևս փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից․․․
Թե ինչո՞ւ է «բազմափորձ» լրագրողն այս կարևոր հանգամանքն էլ շրջանցել, ինչպես գործի բովանդակությունը, մենք միայն կարող ենք գնահատողական դատողություններ անել վերջում, և ինչպես կնկատեք՝ բավական սահմռկեցուցիչ, ու ոչ Սեդա Սաֆարյանի համար․․․ Սա մի ողբերգական պատմություն է, որը հավանաբար մի քանի հերոս ու հերոսուհի ունի, և նրանցից մեկը փաստաբան Սեդա Սաֆարյանն է, իհարկե, այդ գործով «մեղադրյալ կարգված» ու արդարության փնտրտուքի ճանապարհին երբեք չնահանջած ընտանիքի հետ միասին․․․
Հենց այստեղ է, որ մեկ այլ չափազանց կարևոր անպատասխան հարց է ծագում, այս անգամ արդեն Վերաքննիչ դատարանի պահվածքի մասով: Եթե Վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 16-ին «տեղեկացվեցին» Սեդա Սաֆարյանի լիազորությունների մասին որպես ՍԴ դատավոր, ինչու բողոքի թերությունը վերացնելու ու առայժմ բողոքն առանց քննության թողնելու որոշումն «ուղարկեցին» ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին․․․․ Չէ՞ որ արդեն «գիտեին», որ նա ՍԴ դատավոր է, իսկ բողոքում նշված էին գանգատաբեր երեք անձինք՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից, որոնց կարող էին ուղարկել դատարանի որոշումն ու պահանջել վերացնել «ֆորմալիստական թերությունը»․․․ Համաձայնեք, բավական հետաքրքիր վարքագիծ է․․․ Ավելին, նախկին՝ դեկտեմբերի 5-ի բողոքի թերությունը վերացնող բողոքը, ինչպես վկայակոչվեց դատաիրավական պրակտիկայից, որքան էլ այն դատարան մուտք անելու փոփոխություն չի բերում ու բողոքը «նոր չի դարձնում», նաև գիտես, որ բողոքաբերների փաստաբանն այլևս դատավոր է, բայց դատարանի որոշումն ուղարկում ես ոչ թե անմիջապես գանգատաբերներին, այլ դատավորին, ում վարույթի մաս այլևս չես համարում, քանի որ դատավոր է․․․   
Այդ ո՞ր աղբյուրը, ինչո՞ւ և ի՞նչ շահագրգռություն պետք է ունենար բողոքի բնօրինակի տեսապատճեն լրագրողին տրամադրերու առումով, նրան նրբերանգները կա՛մ չբացատրեր, կա՛մ բոլորով միասին շրջանցեին այդ «նրբերանգները», որպեսզի հանրությանը ներկայացված մանիպուլյացիաներով «կարծիք ստեղծվի» դատավորի կողմից իր «լիազորությունները չարաշահելու մասին»․․․ Գոհար Սավզյանի աղբյուրը չի՞ ասել, որ  դա նոր բողոք չէ․․․  Չէ՞ որ սա մի հրապարակում է, որն անարձագանք ու անհետևանք մնալ չէր կարող, մանավանդ, որ ՍԴ դատավորին «մեղադրանք է ներկայացվում»․․․  Հանուն արդարության այս մի հարցադրման ստույգ պատասխանն էլ չունեմ, և կրկին որոշակի գնահատողական դատողություններ կանենք, երբ հանրությանը ներկայացնենք գործի մանրամասները, որով որոշ դատավորներ նույնպես կարող են լաց լինել․․․
Հանրությանը ցնցած Գեղարքունիքի հայտնի սպանությունն ու ՀՀ դատական համակարգի աղերսները դրա հետ
2004թ․ հունիսյան մի արևոտ օր Վարդենիս քաղաքում իրենց տանից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում անչափահաս, դպրոցական աղջնակ՝ Սյուզաննա Սարգսյանը, և աղջկա հարազատների ներկայացրած հաղորդման հիման վրա ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվում է քրեական գործ։ Կարճ ժամանակ անց աղջկա մարմինը հայտնաբերվում է մազութի հորում, և ՀՀ իրավապահ համակարգի «քննությամբ» հանցագործության մեղքը բարդվում է սոցիալապես խոցելի մի ընտանիքի վրա, ի դեմս՝ այդ աղջկա դասընկերուհու մոր՝ Նարինե Նալբանդյանի և հոր՝ Բագրատ Նալբանդյանի վրա, ընտանիքին ներկայացնելով ծանրագույն մեղադրանք ու ձեռք բերելով անթույլատրելի ապացույցներ, այդ թվում՝ խոշտանգումներով․․․․ 
Նարինե և Բագրատ Նալբանդյանների ու նրանց ընտանիքի շահերի պաշտպանությունը ստանձնում է Սեդա Սաֆարյանը․․․ Թե որքան վտանգների միջով է անցել Սեդա Սաֆարյանը, ում վրա անգամ դատարանի դահլիճում հարձակվել էին զոհի հարազատները, որոնց «համակարգը» հավատացրել էր, թե նա պաշտպանում է մարդասպանների իրավունքներն ու այսպես շարունակ, միայն գիտեն Սեդա Սաֆարյանի ընտանիքը և հարազատները։ Հանուն արդարության, այդ տարիներին ես նույնպես բնակվում էի նրանց հետ ու Վարդենիս քաղաքի այդ ողբերգության ու մեղադրվող ընտանիքի դրամայի, քաղաքում նրանց հանդեպ ստեղծված ոչնչացնող մթնոլորտի, ինչպես նաև գործի մանրամասների մասին տեղեկացված էինք շատերս․․․ Կային քիչ թվով լրագրողներ, որոնք գրում էին այս թեմայով, բայց դրանց մեջ չկային ո՛չ Սաթիկ Սեյրանյանը, ո՛չ Գոհար Սավզյանը:
Այդ նույն շրջանում պաշտոնական լրատվամիջոցները, տվյալ պարագայում Ոստիկանությունն իր 02 հաղորդաշարով, որի թողարկումները ցուցադրվում էին իշխանության վերահսկողության ներքո գտնվող բոլոր հեռուստաընկերություններով, խախտելով Նալբանդյան ամուսինների անմեղության կանխավարկածը, հանցագործությունը ներկայացնում էին բացահայտված, իսկ Նարինե Նալբանդյանին՝ մեղավոր․․․ Ուղղակի անհրաժեշտ է այս պահին մի կարևոր արձանագրում անել, որ 168․ամ կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, այդ կայքի առաջատար ու բազմամյա լրագրողներն այն իշխանությունների խոսափողն են ու մեկ գաղափարական թիմում են նրանց հետ, ովքեր, խախտելով մարդու անմեղության կանխավարկածը, թքած ունենալով նախաքննության անաչառության վրա, խոշտանգված կնոջ ու ամուսնու «ինքնախոստովանական» ցուցմունքներով «հոլիվուդյան» ավանդույթներով սյուժեներ էին նկարում, որոնցում երիտասարդ աղջկա սպանության մեղավոր էին կարգել սոցիալապես խոցելի ընտանիքի մորը՝ Նարինե Նալբանդյանին և հորը՝ Բագրատ Նալբանդյանին, ոորոնց երկու զավակները տարիներով մեծացան առանց մոր և հոր, քանի որ նրանք հանիրավի մեղադրվել ու ազատազրկվել էին դատավորների մի աստղաբույլի կողմից՝ առաջին ատյանից մինչև վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններ: Նրանք այսօր էլ դատական համակարգում են, իշխանական քարոզչության օգնությամբ կամ որոշ լրատվամիջոցների, լրագրողների լռության պայմաններում․․․․
Ո՛չ Սեդա Սաֆարյանի ու նրա ազատամարտիկ ամուսնու վրա ուղղորդված ֆիզիկական հարձակումները, որոնք տեղի էին ունենում դատարանի դահլիճում ու դատավորի աչքի առաջ (այս մի հոդվածում չեմ հրապարակի գործին առնչված ու դատավճիռը վերահաստատած բոլոր դատավորներին), ո՛չ էլ սպանված աղջկա հարազատների ագրեսիվ վարքագիծը չընկճեցին Սեդա Սաֆարյանին իր պաշտպանյալների համար արդարության բազմամյա պայքարի ճանապարհին։ Նույնիսկ ավելի շատ փակագծեր պետք է բացեմ․ ընտանիքի սոցիալական վիճակը, այն էլ, երբ երկու աշխատող ձեռքերը՝ հայրը և մայրը, ազատազրկված էին, բավարար չէր ոչ միայն Հայաստանի դատական ատյաններում փաստաբան վերցնելու, այլև անգամ հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար․ այդ գանգատների ու դրա հետ առնչվող նյութերի հարյուրավոր էջերի թարգմանությունը, դրանց փոստային առաքման ու այլ ծախսերը, էլ չասած տարիներով  փաստաբանի աշխատանքի գումարը․․․ Սեդա Սաֆարյանն այդ ճանապարհն անցնելու համար շատ ծախսեր, որն ընտանիքը դժվարանում էր կատարել, արել է իր միջոցներով․․․ Ինձ տեսանելի էին Սեդայի անկեղծ շարժառիթները: Նա դա հավասարապես անում էր ոչ միայն ծանրագույն հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող ու սպանության հետ առնչություն չունեցող Նարինե և Բագրատ Նալբանդյանների համար, որոնց երեխաների ճակատին մեկընդմիշտ դաջվելու էր «մարդասպանի երեխաներ» խորտակիչ խարանը, այլ նաև  անհայտ կորած ու սպանված հայտնաբերված աղջնակի հոգու հանգստության ու նրա ընտանիքի համար: Ինքն էլ ծնող է, մայր է, դուստր ունի․․․․  
Անհայտ կորած աղջնակի սպանության բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում, որոնք քննչական մարմինները հրաժարվել էին դիտարկել, քանի որ «հանցագործն» արդեն հայտարարված էր, և ժողովրդի մեջ շրջանառվող անուններին հասնելն էլ թույլատրված չէր․․․
Եվ, ահա, Հայաստանի դատական եռաստիճան համակարգում արդարության չհասած դիմումատուները փաստաբան Սեդա Սաֆարյանի օգնությամբ 2015թ․ հաղթում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը, ի թվս այլոց, վճռում է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` զուգակցված Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (գ) ենթակետի հետ, առ այն, որ դիմումատուները զրկված են եղել արդյունավետ իրավաբանական օգնությունից, և որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում առ այն, որ երկու դիմումատուներից մեկը՝ Նարինե Նալբանդյանը, անհամաչափորեն զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, որ ամբաստանյալները ենթարկվել են խոշտանգումների ու այսպես շարունակ․․․ (ՄԻԵԴ որոշման ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=96910): 
Եթե հանրությանը մատչելի լեզվի բերենք ասվածը, նշանակում է՝ նշված քրեական գործով պետությունը, ի դեմս ոստիկանության քննչական մարմինների, դատախազության ու դատավորների, թույլ չի տվել ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվողներին օգտվել արդյունավետ իրավաբանական օգնությունից, այսինքն քննության, դատաքննության ժամանակ խոչընդոտվել է Նալբանդյանների ընտանիքին Սեդա Սաֆարյանի կողմից իրավաբանական օգնություն տրամադրելը, և Նալբանդյանները պատշաճ իրավաբանական օգնություն չեն ստացել, ավելին՝ խոշտանգվել են, այսինքն՝ իրավաբանական բազում գործողություններ իրականացվել են առանց փաստաբանի, և իմ կարծիքով՝ ՄԻԵԴ որոշման ամենամահացու գնահատականը՝ Նալբանդյաններին մատչելի չի եղել դատարանը, այսինքն, այն ինչ տեղի է ունեցել Գեղարքունիքի դատարանում կամ ՀՀ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում, փաստաբանի կողմից բողոքներ ներկայացնելուց հետո, ամենևին դատարան չէ, արդարադատություն չէ․․․ 
Այս ամբողջ ողբերգության արդյունքում Բագրատ Նալբանդյանն ազատազրկման մեջ մնաց 9 տարի, իսկ նրա կինը՝ Նարինեն, 13 տարի։ Փաստացի 13 տարի ՀՀ դատաիրավական ու իշխանական քարոզչական համակարգի կողմից իրականացվել է բառացիորեն տեռոր այդ ընտանիքի դեմ՝ նրանց մեղադրելով անմեղ երեխային կյանքից զրկելու մեջ։ ՄԻԵԴ որոշումից որոշ ժամանակ անց ազատ արձակվեց նաև Նարինե Նալբանդյանը, ով իր ընտանիքի ու Սեդա Սաֆարյանի հետ միասին հետ չկանգնեց հանցագործության բացահայտման արդար նպատակից․․․ 
Եթե հարցնեք, թե ինչ կա 2015թ. հաջորդած 8 տարում, արդյո՞ք մեղադրյալի աթոռին են հայտնվել հանցագործության իրական կատարողները, ապա պետք է տխրեցնեմ․․․․ Ոչ․․․ Ոչ ոք չի մեղադրվում, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել Նալբանդյան ամուսիններին խոշտանգելու համար․․․․ Ավելին, Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է իրավապահ մարմինների ու ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինականության շուրջ քննությունը՝ «ապացույցների անբավարարության հիմնավորումով», և ահա դեկտեմբերի 5-ին Սեդա Սաֆարյանը Վերաքննիչ դատարան բողոք է ուղարկել ՀՔԾ այդ որոշումը վերացնելու պահանջով․․․ Որպեսզի ՄԻԵԴ որոշմամբ նշված խախտումները թույլ տված պաշտոնյաների գործողությունների քննությունը շարունակվի․․․․ 
Կրկնենք, Սաթիկ Սեյրանյանի ու նրա կայքի լրագրողները թե՛ նախկինում, թե՛ այժմ գաղափարական առումով նրանց հետ են, ովքեր այս ամենը կատարել են։
Բնականաբար, ՄԻԵԴ-ում արդարադատության այս հաղթանակից հետո Հայաստանում ստիպված են լինում ազատել Նարինե Նալբանդյանին, իսկ պետությունն էլ պարտավոր էր նոր քննություն իրականացնել՝ բացահայտելու համար սպանության իրական կատարողին կամ կատարողներին, որոնք տարիներով ազատության մեջ էին, իսկ նրանց փոխարեն ազատազրկվել էին Նալբանդյան ամուսինները․․․
Բնականաբար, ՄԻԵԴ որոշման պահանջով վերսկսվում է գործի քննությունը, և, ահա, ինչպես շատ այլ նմանատիպ ծանրագույն հանցագործությունների դեպքում, հանցագործությունն անգամ այդքանից հետո բացահայտված չէ, մեղադրյալի աթոռին ոչինչ չկա․․․ Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, թե ինչու և ինչպես․․․ Հանցագործության բուն կատարողներից զատ կան բազում հովանավորներ, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի այն կասեցվի, կան դատավորներ, որոնք լրջագույն խնդիր են ունենալու, և որոնք այս պահին էլ համակարգում են ու իրականացնում են «արդարադատություն»․․․․ Նրանք մեկ ատյանում չեն, քանզի առաջին ատյանի դատավորի որոշումը «պահվել է» Վերաքննիչ դատարանում, իսկ վերջում նաև՝ Վճռաբեկ դատարանում։ Չեն մտածել, որ մի խիզախ կին իր վրա կվերցնի սոցիալապես անապահով ու հոգեբանորեն, իրավաբանորեն խոցված, ոչնչացված ընտանիքի շահերի պաշտպանությունն ու բոլոր հնարավոր և անհնար միջոցներով կհասցնի Ստրասբուրգ՝ երբեմն որոշ ծախսեր վերցնելով իր վրա, մինչև դատարանը նրանց նաև նյութապես կփոխհատուցեր պատճառված վնասի համար․․․․
Եվ, եթե մենք դատական համակարգի բոլոր ատյաններում ունենք Հայաստանի Հանրապետության դեմ կայացված այս որոշումների համար պատասխանատու դատավորներ, արդյո՞ք դա չի բացատրում վերը շարադրված անպատասխան հարցադրումները, թե ինչպես է լրատվամիջոցի ձեռքում հայտնվել վերաքննիչ բողոքի էջը․․․ Ովքե՞ր են են անհանգստացած վերաքննիչ բողոքից․․․ Ինչպե՞ս են նրանց օգնում այսպիսի «հրապարակումները»․․․
Ինչո՞ւ, օրինակ, աղբյուրը լրագրողին չի «բացատրել», որ դա նոր գործ չէ, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի առաջնային բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 5-ին, երբ նա դատավոր չէր, այլ փաստաբան էր, իսկ հետվերադարձը տեխնիկական խնդրի վերացման մասին է եղել՝ առաջին ատյանի դատարանին բողոքի մասին ծանուցելու կտրոնը ուղարկելու մասով․․․
Արդյո՞ք լրագրող Գոհար Սավզյանն ու իր խմբագիրը՝ Սաթիկ Սեյրանյանը, մտածում էին, թե հանրությանը չի ներկայացվելու գործի մանրամասները, քանի որ փաստաբան Սեդա Սաֆարյանի ներկայացրած բողոքը վերաբերում է ծանրագույն հանցագործության բացահայտմանը, քանի որ դրանով պահանջում էր Հատուկ քննչական ծառայության՝ գործի քննությունը կասեցնելու որոշման վերացում, իսկ դա պետք է հանգեցնի իրավապահ համակարգի պաշտոնյաների իրականացրած ապօրինի գործողությունների նկատմամբ քննության վերսկսման․․․ Բայց 168․ամ կայքին սա չէ, որ հետաքրքրել կամ հետաքրքրում է․․․․
Ի վերջո, ուզի, թե չուզի Գոհար Սավզյանը, ով կարող է ներկայացնել կամ արդարանալ, թե իբր անդրադարձել է միայն գործի իրավական, ֆորմալ ու ընթացակարգային կողմերին, միևնույն է, իրականացված մանիպուլյատիվ «հոդվածաշարը» կարող է գնահատվել ու մեկնաբանվել որպես 13+8 տարի հանիրավի մեղադրված ընտանիքի անդամների կողմից ճշմարտության բացահայտմանն ուղղված իրավական քայլերի կասեցման փորձ․․․
Սաթիկ Սեյրանյանն ու յուր լրագրողը ժամանակին տեղյակ չե՞ն եղել այս գործից․․․ Հարցրեք, խնդրեմ, նրանք որևէ կերպ կամ անգամ լուսաբանե՞լ են այդ ողբերգությունն ու դրա մեջ հանիրավի մեղադրվող ընտանիքի իրավունքների խախտումները, խոշտանգումներն այն վարչակազմի օրոք, որոնց հետ գաղափարապես մեկ թիմում են․․․ Օրինակ, Սաթիկ Սեյրանյանն Արմենիա հեռուստաընկերության իր Ռեվոլյուցիա հաղորդդմանը խոսե՞լ է 2015թ․ Հայաստանի Հանրապետության դեմ այս գործով ՄԻԵԴ կայացրած որոշումից․․․․ Եթե չեն լուսաբանել, այդ ի՞նչ հետաքրքրություն է այժմ․․․ Հետաքրքրություն է միայն Սեդա Սաֆարյանի՞ նկատմամբ․․․ 
Պատկերն այդքան պարզ չէ, մյուս կողմն էլ լուսնից չի իջել․․․ Կա չբացահայտված ծանրագույն հանցագործություն։ Կան ազատության մեջ մնացած ու չպատժված հանցագործներ․․․ Կան հանցագործության պաշտոնական վարկածը հաստատած քննիչներ, միլպետներ, դատավորներ՝ առաջինից մինչև երրորդ ատյանի դատարաններ․․․ Նրանցից ոմանք շատ անհանգստացած էին վեթինգի, ԲԴԽ-ում քննվող կարգապագական վարույթների ժամանակ և «գրուպա պաձերժկի» խմբի անդամներ էին․․․ Հասարակության մեջ առնվազն սակավաթիվ մարդիկ, նրանց թվում նաև մենք գիտեինք ու գիտենք, որ եթե այս մի հանցագործության կծիկը բացվի, նրանք լրջագույն խնդիրներ են ունենալու․․․ Միամիտ չլինեք, թե մենք չենք իմացել, թե ԲԴԽ դահլիճում նստած որ դատավորը և որ փաստաբանն ինչու են այնտեղ․․․ 
Այս գործով շատերը կարող են խնդիր ունենալ, բայց ոչ Սեդա Սաֆարյանը․․․ Ու հասարակությունն էլ գիտի, թե ինչու է իր ճնշող մեծամասնության մեջ բուռն ու ջերմ արձագանքել ՍԴ դատավորի պաշտոնում նրա առաջադրմանը, հաստատմանը․․․ Քանզի Սեդա Սաֆարյանը տասնամյակների համառ պայքարի արդյունքում բազում այսպիսի հաղթական գործեր ունի, որտեղ ճշմարտության բացահայտմանը մեկ կամ մի քանի քայլ է մնացել, ու նա դեկտեմբերի 5-ին իր վերջին մասնագիտական պարտքը կատարեց թե՛ իրավական պետություն ունենալու, թե՛ մեկ ընտանիքի խախտված իրավունքների պաշտպանության համար՝ այս գործով իր վերջին վերաքննիչ բողոքն ուղարկելով Վերաքննիչ դատարան, երբ դեռ դատավոր չէր, այլ գործող փաստաբան էր․․․
Չգիտի՞ 168 ժամն այս մասին։ Թույլ տվեք ասել՝ չեմ հավատում։ Չեմ հավատում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու ու վերադարձնելու որոշման մեջ հստակ նշվում է «հետ վերադարձի» պահը։ Բողոքի «նրբերանգները» «հետաքննած» Գոհար Սավզյանը չէր կարող դա «տեսած չլինել», կամ աղբյուրը չէր կարող նրան դրա մասին ասած չլինել․․․
Ի վերջո, բոլորս միմյանց գիտենք ու շատ վաղուց։ Բայց եթե 168 ժամի «հետաքննության» մտահոգությունն այս գործից անդին է, ապա ստացվում է՝ հնարավոր է, որ Սեդա Սաֆարյանի վրա գրոհելու պատճառը ՍԴ-ում սպասվող գործերի քննությունն է․ ի վերջո խորհրդարանական ընդդիմությունն ու ընդդիմադիր գործիչների փաստաբանները, մինչ Սեդա Սաֆարյանի ՍԴ գնալը, տարբեր դիմումներ են մուտքագրել, որոնք վերաբերում են պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ապօրինի գույքի օտարման մասին օրենքի սահմանադրականությանը, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմի հանցագործությունների համար միջազգային դատարան դիմելու Հռոմի ստատուտի վավերացմանը, նախկին նախագահների հետ կապված շատ այլ դիմումներ, որոնք քննվելու են վաղ թե ուշ․․․
Իսկ չենք մոռանում, որ ընդդիմադիր գործիչները, փաստաբանները, լրատվամիջոցները չափազանց ցավագին ընդունեցին ՍԴ-ում երկու նոր անձանց, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանի պաշտոնավարման հանգամանքին՝ հավանաբար իմանալով, որ առանցքային որոշումների ընդունման համար նախկինում առկա «ուժերի հավասարակշռություն» այլևս չկա․․․ Ի՞նչ են անելու այժմ, երբ գա այդ գործերի քննության ու որոշումների ընդունման ժամանակը․․․ Ահա, թիրախի տակ վերցնել նրանց, ովքեր «խանգարում» են․․․․
Բայց այսքանով այս գործով հանրության իմացությանն արժանի մանրամասները չեն սահմանափակվում։ Թերևս դրաման նոր է թափ հավաքում, ու նախկին փաստաբան Սեդա Սաֆարյանը միգուցե նույնիսկ պետք է շնորհակալություն հայտնի Գոհար Սավզյանին ու Սաթիկ Սեյրանյանին ակամայից այս գործի ձգանը քաշելու համար․․․․
Հետգրության փոխարեն․ Այս գործը երբևէ չլուսաբանած Գոհար Սավզյանին ու Սաթիկ Սեյրանյանին ընթերցանության համար տրամադրում ենք համացանցում առկա մի քանի անդրադարձներ այս գործին։ Օրինակ, 
 
1․ «Հիշո՞ւմ ես վզիցս բռնում, սիգարետ էիր առաջարկում. խոշտանգումների գործը՝ փակուղում, https://epress.am/2019/05/13/%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%9E%D6%82%D5%B4-%D5%A5%D5%BD-%D5%BE%D5%A6%D5%AB%D6%81%D5%BD-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%AB%D5%A3%D5%A1%D6%80%D5%A5%D5%BF-%D5%A7%D5%AB%D6%80-%D5%A1%D5%BC.html  
 
2․ 13 տարի բանտում. ՄԻԵԴ վճռից հետո էլ երեք երեխաների մորը չազատեցինhttps://hraparak.am/post/591f9282e3d84d0d37fc06d6  
 
3․ Կինը դատարանի դահլիճից ազատ է արձակվել 14 տարի բանտում անցկացնելուց հետո
https://epress.am/2017/09/19/%d4%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%b0%d5%ac%d5%ab%d5%b3%d5%ab%d6%81-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%be%d5%a5.html  
 
Ի դեպ, եթե Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու անդամ Գոհար Սավզյանն այս աղբյուրներին չեն «վստահում», հորդորում եմ կարդալ իրենց վստահելի գործընկեր Արմինե Օհանյանի հոդվածները, որոնցից մեկի վերնագիրը հիշողությանս մեջ տպավորվել է «Դատավորները ծիծաղում են, իսկ ամբաստանյալները՝ լացում»։ Հետաքրքիր է իմանալ նրանց կարծիքը՝ չլինի՞ այժմ եկել է դատավորների լացելու պահը, և այս գործի հետագա ընթացքը մտահոգում է բոլորին․․․
Շարունակելի՝ դեռ շատ մասերով:
 
Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ ծրագրի ղեկավար