Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը ՀՀ կառավարությունը մտադիր է երկարաձգել մինչև 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ՝ մինչև բնակելի թաղամասի կառուցման ավարտը: Նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը, սակայն նշված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել, և ՀՀ կառավարության 2022 թ. դեկտեմբերի 1-ի համապատասխան որոշմամբ աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը:
Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից առաջարկվել է միջոցառման շրջանակներում հատկացվող օգնության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ:
Civic.am-ը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղված նախագծի
հիմնավորումից տեղեկացավ, որ Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիներին, ովքեր դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300 000 դրամ, իսկ 2021 թ. փետրվար ամսից մինչև 2022 թ. նոյեմբեր ամիսը ներառյալ՝ ամսական 68 000 դրամ, ևս 8 ամիս կտրամադրվի 68 000 դրամ աջակցություն՝ 2022 թ. դեկտեմբեր ամսից 2023 թ. հուլիս ամիսը ներառյալ:
Նախագծով միաժամանակ նախատեսվում է հստակեցնել միջոցառման շահառուների կազմը, և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թվականների ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցությունը 2022 թ. դեկտեմբեր ամսից մինչև 2023 թ. հուլիս ամիսների համար չի վճարվի։
Ըստ Սյունիքի մարզպետարանից 16.12.2022 թ. ստացված տվյալների՝ 16.12.2021 դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 19.10.2022 ծնված երեխա է: Ըստ այդմ, Կառավարության որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 1 երեխայի համար պետք է վճարվի նաև միանվագ դրամական աջակցություն՝ 300 000 դրամ, և ամսական օգնություն՝ հոկտեմբեր ամսից սկսած:
Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված՝ 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսների համար օգնություն ստացած 37 անձի համար ութ ամսվա ընթացքում անհրաժեշտ կլինի հատկացնել 20,128.0 հազ դրամ գումար (37 x 8 x 68000=20,128.0 հազար դրամ):
Հաշվի առնելով, որ որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դրամական աջակցությունը նոր ծնված երեխաների համար վճարվում է ծննդյան ամսվանից սկսած, ըստ այդմ՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին ծնված մեկ երեխայի համար անհրաժեշտ կլինի հատկացնել 980.0 հազ դրամ գումար (1x10 x 68000+300000=980.0 հազար դրամ):
Ներկայացվող նախագիծը մշակվել է ի կատարումն վարչապետի բանավոր հանձնարարականի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյանի 03.01.2023 թիվ 02/11.8/43348-2022 հանձնարարականի (վերջնաժամկետը՝ 25.01.2023)։