Կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամրտությանը և ԼՂ հիմնախնդրին։ Նշվել է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է եվրոպական կայունության վրա:

Փաստաթուղթը վերահաստատում է, որ արդյունավետ լինելու համար Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև արագ և բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձն իրենց տները:

Փաստաթղթում հիշատակվում է Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը: ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել այդ միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին Լաչինի միջանցքի գործունեության հետ կապված բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և բոլոր ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով:

Կոչ է անում Լեռնային Ղարաբաղ մուտքի իրավունք տալ միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Միավորված ազգերի կազմակերպությանը, և հիշեցնում է, որ ներկայումս միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է թույլատրվում մուտք գործել տարածաշրջան, ինչը բավարար չէ տեղի բնակչության պայմաններն ու կարիքները ճշգրիտ գնահատելու համար։

Կոչ է անում երկու երկրի կառավարություններին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ և փոխադարձ ընդունելի խաղաղության պայմանագրի մշակմանը, որը պետք է անդրադառնա Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության իրավունքներին և անվտանգությանը, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձին և մշակութային ոլորտների, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությանը, ողջունում է այս կապակցությամբ երկու պետության արտաքին գործերի նախարարների հանդիպումները 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ժնևում և 2022 թվականի նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում, ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող կենսունակ իրավական լուծում պետք է գտնվի՝ ապահովելու հակամարտության տևական կարգավորումը:

Ապշած է կադրերից, որոնցում ցուցադրվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինծառայողի և անզեն հայ ռազմագերիների խոշտանգումները, անդամահատումն ու սպանությունը և դատապարտում է դրանց հրապարակային տարածումը: Կոչ է անում ամբողջական և անաչառ հետաքննել տեսանյութերը՝ բացահայտելու մեղավորներին և պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար:

Հիշեցնում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունն ընդգծում է հարևանների միջև հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ: