Հնդկաստանի վարչապետը Պուտինից պահանջել է ռուսական բանակից ազատել իր երկրի քաղաքացիներին. Կրեմլը չի մեկնաբանել

Ռուսաստանը բանակից կազատի Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք հավաքագրվել են Ուկրաինայի պատերազմի համար՝ այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։


Նրանց խոսքով՝ Մոդին, որը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, այդ հարցը բարձրացրել է Պուտինի հետ ընթրիքի ժամանակ։ ՌԴ նախագահը խոստացել է կատարել Հնդկաստանի վարչապետի խնդրանքը և նպաստել Հնդկաստանի քաղաքացիների վերադարձին իրենց հայրենիք, հայտնում են NDTV-ի զրուցակիցները։


Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին ճեպազրույցում խնդրել են մեկնաբանել այս տեղեկությունը, ինչին նա պատասխանել է. «Մենք այս թեման որևէ կերպ չենք մեկնաբանում»։


Նրա խոսքով՝ հուլիսի 8-ին Պուտինը և Մոդին ոչ պաշտոնական հանգամանքներում շփվել են երեք ժամ. «Բավականին բովանդակալից շփում է եղել։ Զրուցել են առանձին»։


Պեսկովը նշել է, որ այսօր շարունակվում է Հնդկաստանի վարչապետի պաշտոնական այցը: