Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, այցով
գտնվելով Ռուսաստանում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած
հանդիպմանը ասել է, որ պատերազմը չի կարող լինել խնդիրների լուծում։ Նա
ուղղակիորեն չի հիշատակել ուկրաինական պատերազմը, սակայն զրույցի համատեքստից
հետևում է, որ նա առաջին հերթին դա է նկատի ունեցել։
Ինչպես
հայտնել է Մոդին, նա, որպես Ռուսաստանի նախագահի «ընկեր», ասել է նրան, որ «գալիք
սերունդների պայծառ ապագայի» շահերից ելնելով՝ անհրաժեշտ է
խաղաղություն։ «Ռումբերը, հրթիռները, հրացանները չեն կարող խաղաղություն ապահովել։
Ուստի մենք շեշտը դնում ենք երկխոսության վրա, և երկխոսությունն անհրաժեշտ է»,-
ասել է Մոդին։ Նա նաև նշել է, որ երկուշաբթի օրը Պուտինի նստավայրում չորս կամ
հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում առաջնորդները «բաց ձևով» կարծիքներ են
փոխանակել Ուկրաինայի թեմայի շուրջ, և բանակցությունների արդյունքում «շատ
հետաքրքիր գաղափարներ են առաջացել»։ Թե կոնկրետ ինչպիսի՝ Մոդին չի ասել,
բայց նշել է, որ ինքը «լավատեսություն է զգացել» Պուտինին լսելիս, և որ երկու
կողմերն էլ համաձայնել են «հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու»
անհրաժեշտության հարցում։
Միաժամանակ, Հնդկաստանի վարչապետն ասել է, որ
«հնարավորություն է ունեցել» երկուշաբթի օրը Պուտինի հետ խոսել մարդկանց, այդ
թվում՝ երեխաների մահվան մասին։ Մոդիի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ցավ է զգում,
երբ սպանում են երեխաների, որոնք ոչնչով մեղավոր չեն։ «Իր սիրտը լցվում է ցավով, և
ցավն անտանելի է»,- ասել է Մոդին: Նա ուղիղ հղումներ չի կատարել երեխաների մահվան
որևէ կոնկրետ դեպքի։ Սակայն հենց նախօրեին՝ Պուտինի և Մոդիի հանդիպումից մի քանի
ժամ առաջ, Կիևի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով լրջորեն վնասվել
է խոշորագույն «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի համալիրը, վիրավորների թվում էին
մի քանի երեխաներ։ Ընդհանուր առմամբ Կիևին հարվածելու հետևանքով զոհվել է ավելի
քան 30 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։
Պուտինն իր
պատասխան ռեպլիկում
շնորհակալություն է հայտնել Մոդիին «ուկրաինական ճգնաժամը լուծելու ինչ-որ ուղիներ գտնելու փորձի համար»։ Նա մանրամասներ
չի հայտնել։