Բագրատ սրբազանը, ՊՆ-ն՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով երրորդ անձինք. Հայցի առարկան Տավուշում գտնվող, Գալստանյանի անունով գրանցված անշարժ գույքն է

Պարզվում է՝ մինչ Տավուշի թեմի՝ դադարեցված և կամ սառեցված լիազորություններով առաջնորդ Վազգեն Գալստանյանը Կիրանցում  սահմանազատման դեմ բողոքի ակցիա էր իրականացնում, ապաև՝ Երևան գալով  պահանջում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Հակակոռուպցիոն քրեական դատարանում նրա անունով գրանցված գույքի առնչությամբ դատական պրոցես էր տեղի ունենում։ Ով գիտե, գուցե «հողա-գույքասիրական»  զգացմունքները  չսրվեին սրբազանի մոտ և չստիպեին նրան այդ հողի վրա  քաղաքական պրոցեսի մեջ մտնել, եթե անձամբ իր սեփականության  իրավունքը  դատական վիճարկման  առարկա դարձած չլիներ։ Հիմա ամեն ինչ հերթով։


Civic.am-ին հայտնի դարձավ, որ  ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության,  հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտյոմ Գևորգի Սմբատյանի, երրորդ անձինք՝ Կադաստրի կոմիտե, Վազգեն Պետրոսի Գալստանյան, Պաշտպանության նախարարություն, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ (ինքնուրույն պահանջ չներկայացնող) առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։ 


 
Հայցադիմումը և կից փաստաթղթերը  դատարան են մուտքագրվել 2023 թվականի նոյեմբերի 21-ին, վարույթ ընդունվել դատարանի 30.11.2023թ. որոշմամբ։ «Դատալեքս» հարթակում հրապարակված որոշումից պարզեցինք, որ Դատարանը բավարարել է դատախազության վերոհիշյալ վարչության ավագ դատախազի  միջնորդությունը՝ արգելել  Վազգեն  Գալստանյանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի  Նավուր գյուղի  2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու  թիվ 1 հասցեում գտնվող 1198,09 մ² մակերեսով անշարժ գույքի և 6.0536 հա հողամասի սեփականատիրոջ փոփոխությանը կամ գույքի փաստացի վիճակի վատթարացմանն ուղղված գործողությունների կատարումը։ Դատախազության կողմից դատարան ներկայացված միջնորդությունից պարզեցինք, որ պաշտպանության նախարարության և Արտյոմ Սմբատյանի միջև 2014-ի հուլիսին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, և վերջինիս անվամբ տեղի է ունեցել սեփականության իրավունքի պետական գրանցում։  Արտյոմ Սմբատյանն էլ գույքը հետագայում վաճառել է Վազգեն Գալստանյանին, առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2017-ի հուլիսին։  Դատարանն  այս տարվա ապրիլի 23-ի  որոշմամբ բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝  թույլատրել է վերջինիս կողմից 22.04.2024թ. միջնորդությամբ ներկայացված հայցի առարկայի փոփոխությունը, պահանջը լրացնելու եղանակով՝ քննության առարկա դարձնելով հետևյալ պահանջները՝ «անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Արտյոմ  Սմբատյանի միջև 2014 թ. հուլիսի 24-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել Արտյոմ  Սմբատյանի անվամբ 2014թ. օգոստոսի 4-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև 2017թ. հուլիսի 17-ին Արտյոմ Սմբատյանի և Վազգեն  Գալստանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Վազգեն Գալստանյանի անվամբ 2017թ. հուլիսի 26-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը»:  Բացի սրանից, հայցվորի ներկայացուցիչը այս տարվա հունիսի 10-ին տեղի ունեցած  նախնական դատական նիստում ներկայացրել է բանավոր միջնորդություն, համաձայն որի՝ հայտնել է, որ սույն քաղաքացիական գործի հիմք հանդիսացող նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վկայակոչված գույքը գրավադրված է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, գրավի իրավունքը գրանցվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին, որի հիմքն է հանդիսացել անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագիրը՝ կնքված  2022 թվականի օգոստոսի 9-ին։ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը, հայցվորը  նշել է, որ կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն ազդելու է նաև բանկի իրավունքների և պարտականությունների վրա, ուստի միջնորդել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին սույն քաղաքացիական գործի շրջանակներում ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ կողմ։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։

 
Նշենք, որ սույն գործով դատական վերին նիստը, ելնելով «Դատալեքս» հարթակից, եղել է հուլիսի 8-ին, առաջիկա նիստն էլ սեպտեմբերի 2-ին է՝ համապատասխան ծանուցագիրն արդեն իսկ ուղարկվել է Արտյոմ Սմբատյանին։

 

Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով մանրամասներ հայտնել սույն գործի առնչությամբ, մասնավորապես՝ ինչ հիմքով է Արտյոմ Սմբատյանի դեմ հայցապահանջ ներկայացվել, ո՞ր օրենքի կամ ՀՀ կառավարության ո՞ր որոշման խախտման պատճառով։  Մեզ ուղարկված պատասխանում նշված է. «Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում  գտնվող անշարժ գույքը առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՀՀ քաղաքացի Արտյոմ Սմբատյանին։ Պարզվել է, որ տվյալ գույքը Արտյոմ Սմբատյանին օտարելու վերաբերյալ պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ուստի առուվաճառքի պայմանագիրը պետք է անվավեր ճանաչվի։ Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2023 թ. նոյեմբերի 21-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան ՀՀ պաշտպանության նախարարության և Արտյոմ Սմբատյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Վազգեն Գալստանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին»։


Նշենք, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը։ Մասնավորապես  13-րդ կետում էլ, որպես այդպիսիք, նշված են «հատուկ նշանակության հողեր, պետական կամ համայնքային գերեզմանատներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: 87-րդ հոդվածն էլ սահմանում է անշարժ գույքի հետ կապված գործարքներով հողամասերի նկատմամբ իրավունքի ձեռք բերման առանձնահատկությունները։ Մասնավորապես դրա 2-րդ կետով «արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով: Սույն կետով սահմանված շենքերը և շինությունները կարող են օտարվել միայն համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի պահպանմամբ»: 


ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածն էլ դարձյալ արգելում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով: Սույն մասով սահմանված շենքերը կամ շինությունները կարող են մասնավորեցվել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը:

 

Ո՞վ է Արտյոմ Սմբատյանը


Որքանով հաջողվեց պարզել՝ Արտյոմ Սմբատյանը զինվորական է, տավուշցի,  2013-ին էլ Սերժ Սարգսյանի հրամանագրով, որպես թիվ 63853 զորամասի հրամանատար, գնդապետ, պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Նա մտերիմ հարաբերություններ ունի  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, 2016-ին էլ Տավուշի եկեղեցիներից մեկում  եղել է Ջրօրհնյաց Սուրբ արարողության Խաչի քավոր։


Հատկանշական է, որ ՊՆ-ի և Սմբատյանի միջև գույքի առուվաճառքի վերոհիշյալ գործարքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարը ներկայումս «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր։  


Մենք այս գործարքի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  հարցում ենք ուղարկել նաև ՊՆ։

 

Հեղինե Մանուկյան