Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո աշխարհը սպասում է Իրանի կողմից Իսրայելի դեմ պատասխան հարվածի, որը կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել նոր պատերազմի։ Վերջին շաբաթների ընթացքում նաև ռուս-իրանական ռազմական համագործակցությունների նոր հնարավորություններ է բացվել։ Այս թեմաների շուրջ Civic.am-ը զրուցել է իրանագետ Սահակ Շահմուրադյանի հետ։
- Պարոն Շահմուրդյան, ներկայումս որքանո՞վ եք հնարավոր
համարում իրանա-իսրայելական ուղիղ պատերազմ։
- Չնայած արևմտյան և
իսրայելական հակաիրանական քարոզչամեքենայի և լրահոսի տեղեկատվական տարափին, որ
Իրանը պատրաստվում է ուղղակի հրթիռային կամ այլ տեսակի զենքերով հարվածներ հասցնել
Իսրայելին, մինչ այժմ մենք ականատեսն ենք, որ իրանական կողմը բավարարվել է հոգեբանական պատերազմ ծավալելու և
Իսրայելին հռետորական սպառնալիքներով վախի մեջ պահելու մարտավարության կիրառմամբ։
Իրանի կոշտ պատասխանը մինչ այժմ հիմնականում եղել են ոչ ուղղակի, այլ իր կողմից
հովանավորվող խմբերի թիրախային և հատվածային փոքր քանակությամբ հրթիռներով Եմենի,
Իրաքի, Գազայի հատվածի և հատկապես Լիբանանի ուղղությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական
հենակետերի վրա սահմանափակ հարձակումները։ Իրանում ներկայումս մեկնարկել է
նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարության կազմի և նախարարների նշանակման
գործընթաց, և երկրի ներիշխանական խավում տարաձայնություններ են առաջացել կոշտ
պատասխան տալու կամ ռազմավարական համբերություն կիրառելու քաղաքականության վերաբերյալ։
Երկրի տնտեսական անբարենպաստ վիճակը համարվում է Իրանի Աքիլլեսյան գարշապարը, և
այս լարված վիճակում Իսրայելի կողմից կանխարգելիչ հարձակման վտանգը կամ իրանական
կողմի հավանական փոխհարձակման անկանխատեսելի հետևանքներն Իրանին ստիպում են
պրագմատիկ քաղաքականություն վարել և պահել իր դիրքերը՝ մինչև հարմար պահին և ժամանակին Իսրայելի սահմաններից
դուրս համապատասխան փոխհարված հասցնել հակառակորդին, իսկ դրա ձևը և եղանակը դեռ
հայտնի չեն։ Հետևաբար, կարծում եմ, այս պահին Իրանը չի փորձի արկածախնդրական կամ
վրեժխնդրական քայլեր ձեռնարկել հակառակորդի դեմ և կձգտի, իրավիճակը հանդարտեցնելով,
իր դեմ ուղղված սպառնալիքը հեռացնել երկրի սահմաններից և հիբրիդային պատերազմի
մեթոդներով կառավարելի դարձնել հակամարտության հետագա ռիսկերը։
- Իրանը ի՞նչ մտավախություններ կարող է
ունենալ, եթե սկսվի պատերազմ։
- Իրանին մտահոգում են
երկրի տնտեսական թույլ վիճակը, պատերազմ բռնկվելու դեպքում Արևմուտքի կողմից նոր և
մահաբեր պատժամիջոցներ սահմանելու վտանգը, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ինտենսիվ և
անդիմադրելի ռազմական գործողությունների հետևանքով Իրանի էներգետիկ և արդյունաբերական
ու երկրի ենթակառուցվածքների հիմնովին ոչնչացումը և այլն։ Նոյեմբերին նաև ԱՄՆ-ում
տեղի են ունենալու նախագահական ընտրությունները, և նախագահի թեկնածու Դոնալդ
Թրամփի ընտրվելը նաև խիստ մտահոգում է Իրանի կառավարությանը, որը դեռ չի հասցրել
երկրում ամրացնել ու կայացնել իր դիրքերը։ Այս ամբողջը այն մտավախություններն են,
որ Թեհրանի իշխանություններն ունեն Իսրայելի հետ պատերազմ սկսվելու դեպքում։
- Ըստ Ձեզ՝ ե՞րբ և ինչպիսի՞ պատասխան կտա Իրանը Իսրայելին Իրանի տարածքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդին սպանելու
համար։
- Իրանն իր պրոքսի զինված ուժերի աջակցությամբ կշարունակի
տարածաշրջանում նեղ վիճակ ստեղծել Իսրայելի և ԱՄՆ ուժերի համար։ Իրանի ռազմական
կարողություններն ու տնտեսական ենթակառույցները բոլորովին պատրաստ չեն միջազգային
մահացու պատժամիջոցների պայմաններում դիմակայելու մի քանի կողմից արտաքին ուժերի
ռազմական հարձակումներին։ Իրանի բանակն ու Իսլամական Հեղափոխության Պահապանների
կորպուսը չունեն ժամանակակից հինգերորդ սերնդի ռազմական օդանավեր և հզոր նավատորմ
Պարսից ծոցում՝ ԱՄՆ-ի ռազմանավերին դիմակայելու համապատասխան հնարավորություն,
ուրեմն այս պահին ռազմական լայնածավալ գործողությունները կամ Մերձավոր Արևելքում
Իսրայելի հետ ուղղակի պատերազմ մղելը մի տեսակ ինքնասպանություն կարող է լինել
երկրի համար, որից խուսափում են Իրանի իշխանությունները։
Մի տեսակ թյուր
տպավորություն կա, որ անցած անգամ Իրանը հրթիռային հարձակման և ԱԹՍ-ների ու թևավոր
հրթիռների միջոցով փորձեց հարված հասցնել Իսրայելին, ուրեմն այս անգամ էլ նույն
հարձակման մեթոդը կիրականացնի հակառակորդի դեմ։ Բայց ի տարբերություն անցած
հարձակման, ընդ որում՝ Իրանը հակառակորդ կողմին
հայտարարեց, որ հրթիռային հարձակում է իրականացնելու նրանց դեմ, մինչ այժմ Իրանը
չի հայտարարել, թե անպայման ռազմական գործողությամբ է պատասխանելու Իսրայելին, և
սա լուրջ երկմտություն ու կասկած է առաջացրել Իսրայելում, թե Իրանն ինչպես է
պատասխանելու իր թշնամիներին։
- Ռուսաստանը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ
այս հակամարտությունում: Որքանո՞վ է ՌԴ-ին ձեռնտու, որ
իրանա-իսրայելական պատերազմ լինի։
- Նկատի ունենալով, որ
Իսրայելն է անընդհատ փորձում տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակն օգտագործել
Իրանին ներքաշելու իր կողմից ցանկացած և նախագծված պատերազմի մեջ, և այն որ Իրանը
չունի ռազմատեխնիկական այն հնարավորությունը, որ կարողանա դիմակայել ԱՄՆ-ի և
Իսրայելի հզոր օդուժի և հրթիռային ու այլ գերժամանակակից զինատեսակների մահացու
հարվածներին, մյուս կողմից չունենալով միջազգային հուսալի գործընկեր կամ դաշնակից,
որոնք կկարողանան Իրանի
ռազմատեխնիկական
բացը լրացնել ժամանակակից զենքեր մատակարարելով, ուստի Իրանը դիմել է Ռուսաստանին
հակաօդային ժամանակակից զենիթահրթիռային, հիմնականում Ս-400 և ռադիոլոկացիոն
համակարգեր ձեռք բերելու համար։ Մյուս կողմից՝ Ռուսաստանին նաև հետաքրքրում է
Իրանի հետ ԱԹՍ-ների և հրթիռների արդյունաբերության ոլորտում համատեղ
համագործակցությունը. արդեն հայտնի է, որ
Իրանը մեծ
քանակությամբ տեղական արտադրության ԱԹՍ-ներ և հրթիռներ է մատակարարում
Ռուսաստանին, ինչը անչափ անհրաժեշտ է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի բանակի պահանջները
հոգալու համար։ Ավելին, Ռուսաստանին շատ ձեռնտու է Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական
բախումը, քանի որ դա կնպաստի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ճնշումների մասամբ թուլացմանը
ուկրաինական ճակատում իր բանակի վրա։
- Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը
ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական
համաժողովին։ Ի՞նչ նոր ռազմական համագործակցություններ կարող են սկսվել
Իրանի ու ՌԴ-ի միջև ներկա փուլում, երբ Իրանը պետք է պատասխան հարված տա
Իսրայելին։ Ընդհանրապես ի՞նչ կարող է ակնկալել Իրանը ՌԴ-ից։
- Արդեն հայտնի է, որ Իրանն իր
ռազմաօդային ուժերը արդիականացնելու համար կարիք ունի 4-րդ և 5-րդ սերնդի ժամանակակից
կործանիչների և հակաօդային պաշտպանության ու ռադիոլոկացիոն համակարգերի։ Միջազգային
պատժամիջոցների պայմաններում Իրանը հասանելիություն չունի զենքի այլընտրանքային շուկաների
և ստիպված է իր ռազմական պահանջները հայթայթել Ռուսաստանից և Չինաստանից։ Իրանը սպառազինության
մատակարարման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի և Չինաստանի հետ և դիմել է Ռուսաստանին
Սու-35Ս կործանիչներ և Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։ Իրանը իր օդային
պաշտպանության համար նաև կարիք ունի ռադիոլոկացիոն ժամանակակից համակարգերի, դրա դիմաց
Իրանը Ռուսաստանի հետ համագործակցում է այդ երկրի ԱԹՍ-ների արտադրման տեխնոլոգիաների
զարգացման և համատեղ բալիստիկ հրթիռներ արտադրելու գործում։ Հետևաբար այս ոլորտներում
համագործակցությունը Ռուսաստանի հետ կարող է մասամբ օգնել Իրանին իր ռազմական դիմադրողունակությունը
բարձրացնել՝ Իսրայելի և
ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ իրականացվող հավանական հարձակումներին դիմակայելու համար։
Դավիթ Լևոնյան