Սվերդլովսկի մարզային դատարանը ընդհանուր ռեժիմի կալանավայրում
12 տարվա ազատազրկման է դատապարտել դավաճանության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի և
Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Կարելինային (Քրեական օրենսգրքի 275-րդ հոդված)՝ ուկրաինական հիմնադրամին 52 դոլար փոխանցելու
համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Դատարանի որոշմամբ նրան նշանակել են նաև 300 հազար ռուբլի տուգանք և մեկուկես տարի ժամկետով ազատության սահմանափակում։
Պետական
մեղադրող կողմը Կարելինայի համար պահանջել է 15 տարվա
ազատազրկում։ Ավելի վաղ հաղորդվել
էր, որ ամբաստանյալը դատավարության
ընթացքում լիովին ընդունել է իր մեղքը։
Դատապարտյալ կնոջ փաստաբան Միխայիլ Մուշաիլովը հայտնել է, որ մասամբ բողոքարկելու է
դատավճիռը։ «Այս դեպքում իրեղեն ապացույցը հեռախոսն
է։ Հեռախոսում կան բազմաթիվ անձնական տվյալներ և ընտանեկան լուսանկարներ, սակայն
դատարանը վճռել է ոչնչացնել այն»,- ասել է
Մուշաիլովը։
«Պեռվիյ օտդել» իրավապաշտպան նախագծի
տեղեկություններով՝ Կարելինայի քրեական գործի նյութերում նշվում է,
որ 2022 թվականի փետրվարի 24-ին նա իր ամերիկյան հաշվից 51,8 դոլար է փոխանցել
Razom for Ukraine հիմնադրամին, որը ստեղծվել է ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիների
կողմից: Անվտանգության ուժերը փոխանցումը գտել են Կարելինայի հեռախոսում, որը բռնագրավվել է նրանց կողմից և բացվել։