«Տանգո պարելու համար երկուսն են պետք». Թրամփը՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի ժամկետների մասին


 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չունի ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ժամանակային սահմանափակումներ։ Այդպես է նա մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, թե ամերիկացի բանակցողները փորձում են խաղաղության հասնել հնարավորինս շուտ՝ մինչև հունվար։


«Ո՞վ է դա ասել»,- New York Post-ի լրագրողի՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերի վերաբերյալ հարցին հարցով է պատասխանել Թրամփը, ապա ծիծաղել և հայացքներ փոխանակել իր օգնականներից մեկի հետ։


«Ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ»,- հստակեցրել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ պատերազմը ձգձգվել է, քանի որ «տանգո պարելու համար երկուսն են պետք»։


«Ես ժամանակային սահմանափակում չունեմ։ Ես ուղղակի կուզեի, որ այն ավարտվեր։ Գիտեք, դա մեզ չի վերաբերում։ Ես հաճույքով դա կանեի այսօր, բայց տանգո պարելու համար երկուսն են պետք։ Կտեսնենք՝ ինչ կստացվի։ Երբեմն թվում է, թե Պուտինը պատրաստ է [ավարտել պատերազմը], իսկ Զելենսկին՝ ոչ։ Երբեմն՝ Զելենսկին կցանկանար դա անել, իսկ Պուտինը պատրաստ չէ։ Կախված է նրանից, թե ինչ օր է»,- հավելել է նա։