Իսրայելը համաձայնել է զորքերը դուրս բերել Գազայից. Սա գուցե վերջին հնարավորությունն է, և ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի առաջարկը. Բլինքեն

Իսրայելը համաձայնել է դուրս բերել զորքերը Գազայի հատվածից՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։


Նա ելույթ է ունեցել Կատարում, որտեղ ընթանում է համաձայնագրի կնքման բանակցությունների հերթական փուլը։ Միացյալ Նահանգները, Եգիպտոսը և Կատարը հանդես են գալիս որպես միջնորդներ, Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ուղիղ բանակցություններ չեն վարում:


«Միացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի հատվածի որևէ երկարաժամկետ օկուպացիա։ Ավելի կոնկրետ՝ համաձայնագիրը շատ հստակ սահմանում է Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ժամանակացույցը և վայրերը, և Իսրայելը համաձայնել է դրան»,- ասել է Բլինքենը, որի խոսքերը մեջբերում է CNBC-ն։  


Պետքարտուղարը հավելել է, որ գործարքի կնքման վերջին ջանքերը «հավանաբար լավագույն և հնարավոր է՝ վերջին հնարավորությունն են»։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը պարտավոր է ընդունել այս առաջարկը։ Սակայն Բլինքենը գործարքի մանրամասները չի հայտնել։