ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը նախընտրական ելույթ է
ունեցել Չիկագոյում Դեմոկրատների ազգային համագումարում։ Նա խոստացել է շարունակել
աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում և միշտ պաշտպանել Իսրայելի
ինքնապաշտպանության իրավունքը։
Հարիսը հիշեցրել է, որ ռուսական զորքերի լայնամասշտաբ
ներխուժումից հինգ օր առաջ նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու
հետ, որպեսզի նախազգուշացնի նրան հարձակման ծրագրի մասին։ Պատերազմի սկսվելուց
հետո նա օգնել է միավորել ավելի քան 50 երկրների ջանքերը՝ աջակցելու Ուկրաինային:
«Եվ որպես նախագահ՝ ես ամուր կկանգնեմ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին»,- ասել է
Հարիսը իր նախընտրական ելույթում:
Նա անդրադարձել է նաև Իսրայելին աջակցելու թեմային։ Հարիսի
խոսքով՝ Սպիտակ տան վարչակազմն աշխատում է «շուրջօրյա»՝ մոտենալու համար իսրայելցի
պատանդներին ազատ արձակելու գործարքին և Գազայի հատվածում հրադադարին: Միաժամանակ
նա խոստացել է թույլ չտալ հոկտեմբերի 7-ի կրկնություն։
«Ես միշտ պաշտպանելու եմ Իսրայելի ինքնապաշտպանության
իրավունքը: Եվ ես միշտ ապահովելու եմ Իսրայելին իրեն պաշտպանելու հնարավորությամբ,
քանի որ Իսրայելի ժողովուրդն այլևս երբեք չպետք է բախվի այն սարսափին, որ հոկտեմբերի
7-ին գործեց ՀԱՄԱՍ կոչվող ահաբեկչական կազմակերպությունը՝ ներառյալ
երաժշտական փառատոնի ժամանակ երիտասարդ մարդկանց անասելի բռնությունն ու զանգվածային սպանությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի
դեմոկրատ թեկնածուն:
Հարիսը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Գազայի
հատվածում վերջին տասը ամիսներին, «կործանարար» է, իսկ բնակչության տառապանքների
մասշտաբը, որոնք ստիպված էին փախստական դառնալ և սովի մատնվել, «սրտաճմլիկ է»: Նա ևս
մեկ անգամ հավաստիացրել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ աշխատում է վերջ
դնել այս պատերազմին, ինչպես նաև հավելել է, որ կձեռնարկի ցանկացած գործողություն,
որն անհրաժեշտ է պաշտպանելու համար Միացյալ Նահանգների ուժերն ու շահերը Իրանից և
Իրանի կողմից աջակցություն ստացող ահաբեկիչներից։