«Հայկոյի մեջ սեր կար, շատ սեր»,- այսպես են ընկերները բնութագրում երգիչ, երգահան Հայկոյին։ Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայկոն կդառնար 51 տարեկան։
Վաղ առավոտից սոցիալական ցանցերը ողողված են Հայկոյի նկարներով, երգերով, նրա մասին հուշերով։ «Երկնային ծնունդդ շնորհավոր, սիրո հավերժ երգիչ». «Դու միշտ կմնաս մեր սրտերում», «Սեր Հայկո», «Ապրեց այնպես, որ իրեն միշտ հիշեն», «Քո սերը մի ուրիշ աշխարհ էր», գրում են նրա ընկերները, հարազատներն ու երկրպագուներն ու նշում, որ Հայկոն շարունակում է ապրել՝ իր երգերի, իր թողած բարի անվան շնորհիվ։
Հայկ Բորիսի Հակոբյանը ծնվել է 1973 թվականին։
Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։
2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։
2021 թ. սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։