Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 


Կրեմլի փոխանցմամբ՝ նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը: 


Քննարկվել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ներառյալ՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը: 


Այս կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունն՝ այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի որոշումների մշակման գործում: 


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։