Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանի հետ փոխկապակցված անձինք հրավիրվել են Դատախազություն

ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին փոխկապակցված անձինք, մասնավորապես որդու կինը՝ Գագիկ Ծառուկյանի դուստր Գայանե Ծառուկյանը, ինչպես նաև  մի քանի շահագրգիռ անձ՝ Մարիա Գառնիկի Առաքելյանի օրինական ներկայացուցիչ Գառնիկ Առաքելյանը, Լուսինե Անդրանիկի Մանուկյանը (Ա. Մանուկյանի դուստրն է), Սվետլանա Վասիլյանը հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Civic.am-ը «Ազդարար» հարթակում հրապարակված ծանուցագրերից տեղեկացավ, որ հիշյալ անձինք Դատախազություն պետք է ներկայանան ս.թ. օգոստոսի 30-ին։ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Անդրանիկ Ենոքի Մանուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,-նշված է նախկին պաշտոնյային փոխկապակցված անձանց հասցեագրված ծանուցագրերում։


Նշենք, որ 2021-ին հայտնի դարձավ, որ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ կապված՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում։ Այդ մասին ՀՔԾ-ից հայտնել էին «Լուրեր»-ին։  Մանուկյանի գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրի հարցը նախ քննվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, ապա նյութեր են փոխանցվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին, իսկ ԱԱԾ-ից գործը փոխանցվել է ՀՔԾ-ին։ ԿԿՀ-ն  Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված հայտարարագրերում արձանագրել է որոշ անհամապատասխանություններ ու անճշտություններ։


Հայտարարագրերի  հետ կապված խնդիրն այնուհետև հայտնվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտում, ԱԱԾ-ում էլ քրեական գործ է քննվում նախկին դեսպանի կողմից առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և կեղծ տվյալ ներկայացնելու փաստի կապակցությամբ։


Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատվել է  2018-ի օգոստոսին։ Պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում վերջինս  նշել է, որ ունի 2 բնակարան, Audi A8 և BMW 750I մակնիշի մեքենաներ։ Մանուկյանը վերջինը ձեռք էր բերել 118.000 եվրոյով։ Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ դեսպանն ունեցել է 3.1 միլիոն դոլարի հանձնած փոխառություն, նկարների հավաքածու։ Դրամական միջոցները կազմել են 90 միլիոն դրամ, 60 հազար դոլար և 350 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 24 հազար դոլար։


Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, 2020-ի տարեկան հայտարարագրում անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է առանձնատուն Նորք-Մարաշ վարչական շրջանում, հողամաս Ծաղկաձորում։ Մանուկյանը հայտարարագրել է նաև Lexus և Mercedes-Benz մակնիշների մեքենաներ, 2 ընկերություններում բաժնեմասեր։ Դավիթ Մանուկյանին 2020-ի վերջին վերադարձված փոխառության ծավալները կազմել են 78.3 միլիոն դրամ և մոտ 700 հազար դոլար։ Նախկին պատգամավորը 2018-ին 8 միլիոն դրամով գնել է արվեստի գործ, 9 միլիոնով՝ զարդ։ Եվս մեկ արվեստի գործ 27 միլիոնով Մանուկյանը գնել է 2019-ին, նույն տարում նաև նվիրատվության տեսքով ստացել 16 միլիոն դրամանոց արվեստի գործ և 10 միլիոն դրամանոց թանկարժեք զարդ։


Մանուկյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 90 միլիոն դրամ և 160 հազար դոլար։ Եկամուտներից 7.4 միլիոն դրամը գոյացել է պատգամավորական աշխատավարձից, 42 միլիոն դրամը «Ռ. Մելքոնյան և ընկերներ» ՍՊԸ-ում ունեցած շահաբաժինն է եղել, ևս 15 հազար դոլարի եկամուտ հայտարարագրել է «Կոնվերս բանկ»-ից։ Որդուն 75 հազար դոլարի փոխառություն է տրամադրել հայրը՝ Անդրանիկ Մանուկյանը, նաև նվիրատվություն կատարել՝ 6500 դոլարի չափով։


Դավիթ Մանուկյանի նվիրատուների ցանկում է եղել նաև կինը՝ Գայանե Ծառուկյանը, որն ամուսնուն նվիրել է մոտ 90 հազար դոլար։

 

  Հ. Մ.