«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան

Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները «ընթանում են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի համալիրի հունով», - ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։


«Կարևոր է, որ երկու կողմերի (Բաքվի և Երևանի) միջև բանակցությունները ընթանում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի համալիրի հունով։ Խոսքը, բացի ապագա պայմանագրի շուրջ համաձայնությունից, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, քաղաքացիական հասարակությունների գծով կապեր հաստատելու մասին է»,- ասել է Եվդոկիմովը։


Նա փաստաթղթի շուտափույթ ստորագրման հույս է հայտնել, քանի որ դա «կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»։


«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր պետական ​​այցի ժամանակ, Մոսկվան ուրախ կլինի իր ներդրումն ունենալ դրա ստորագրման գործում»,- ասել է դեսպանը։


Եվդոկիմովը հայտարարել է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում այս երկրի ապագայի համար»։ Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, նրա խոսքով, «որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում»։


«Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։ Այս առումով օգտակար է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա)»,- նշել է Եվդոկիմովը։  


Այս պահին համաձայնեցվում է ԱԳՆ մակարդակով հաջորդ նիստի ժամկետը, ընդգծել է դեսպանը։


Նրա խոսքով՝ «Արևմուտքի միջամտությունը տարբեր երկրների և տարածաշրջանների գործերին երբեք չի հանգեցրել խաղաղ կարգավորման»։


«Հարավային Կովկասում նրանց հիմնական նպատակը ոչ թե երկարաժամկետ և կայուն խաղաղության ձեռք բերումն է, այլ Ռուսաստանի հեռացումը, արհեստական ​​բաժանարար գծերի ստեղծումը մեր տարածաշրջանում և վերջնարդյունքում Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների խաթարումը», - ասել է դեսպանը։


Խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի մասին՝ Եվդոկիմովը ևս հայտարարել է, որ «այն հետախուզական տվյալներ է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի վերաբերյալ»։